Պետական կառուցվածքի ձևերը


Պետական կառուցվածք հասկացությունը օգտագործվում է լայն և նեղ իմաստով: Լայն իմաստով այն ընդգրկում է պետական կարգին ամբողջությամբ վերաբերող հարցերը (պետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և հոգևոր հիմքերը, պետական մարմինների համակարգը և այլն); Նեղ իմաստով պետական կառուցվածքը վերաբերում է պետական իշխանության տարածքային (ազգային-տարածքային) կազմակերպմանը, պետության ներքին տարածքային բաժանմանը, ամբողջ պետության և նրա բաղկացուցիչ մասերի փոխհարաբերություններին: Այս առումով պետական կառուցվածք հասկացությունը օգտագործվում է այն դեպքում, երբ պետությունը ստորաբաժանվում է ունիտար և դաշնային ձևերի: Հետևաբար, պետական կառուցվածքը (կարգը) պետության ազգային, վարչատարածքային և իշխանության կենտրոնական ու տեղական մարմիններ փոխհարաբերությունների կազմակերպումն ու իրականացումն է։
Պետության վարչատարածքային կառուցվածքի ձևերն են` ունիտար պետությունը, դաշնությունը և համադաշնությունը: 
Ունիտար (պարզ, միացյալ, ազգային) ձևը մի ամբողջություն կազմող պետություն է, որը բնութագրվում է իշխանության և կառավարման մարմինների միասնական համակարգով, միասնական սահմանադրությամբ, ընդհանուր քաղաքացիությամբ և ալյն: Ունիտար պետությունները լինում են կենտրոնացված և ապակենտրոնացված: Կենտրոնացված պետություններում (Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Դանիա, Հայաստան և այլն) ազգային փոքրամասնությունները չունեն իրենց ինքնավարությունները. կան միայն վարչատարածքային կազմավորումներ (համայնք, շրջան, մարզ և այլն): Ապակենտրոնացված պետություններում (Ֆրանսիա, Իսպանիա, Վրաստան և այլն) առանձին ազգեր ունեն ինքնավարություններ (հանրապետություն, նահանգ, պրովենցի, մարզ և այլն)` իրենց սեփական օրենսդիր, գործադիր և դատական կառույցներով: 
Դաշնային (բարդ, միութենական, բազմազգ) ձևը հարաբերական ինքնուրույնություն ունեցող պետությունների միություն է, երբ պետական մի շարք կազմավորումներ (հանրապետություն, նահանգ, հողեր և այլն) միաբորվում են և կազմում մի ամբողջական պետություն:  Դաշնային պետությունները կարող են լինելսահմանադրական (ԱՄՆ, Կարադա, Բրազիլիա), սահմանադրական-պայմանագրային (Ռուսաստան), պայմանագրային (Շվեյցարիա, Տանզանիա, ԱՄԷ), կենտրոնացված (Հնդկաստան, որտեղ նահանգները չունեն իրենց սահմանադրությունն ու քաղաքացիությունը) և ապակենտրոնացված ( ԱՄՆ, Գերմանիա, Շվեյցարիա ):
Դաշնությունը ստեղծվում է նաև տարածքային հատկանիշներով (ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Գերմանիա, Մեքսիկա, Բրազիլիա և այլն), կամ ազգային (Հնդկաստան, Պակիստան, Բելգիա, Նիգերիա), կամ էլ խառը հատկանիշներով (Ռուսաստան, Շվեյցարիա, Կանադա), որոնք որոշում են պետական կարգի բնույթը, բովանդակությունը և կառուցվածքը:
Դաշնային պետություններն ունեն ընդհանուր տարածք, ընդհանուր քաղաքացիություն և օրենսդրություն, իշխանության և կառավարման ընդհանուր մարմիններ, բանակ, ոստիկանություն, պետական անվտանգության ծառայություն, հարկային, մաքսային հիմնարկներ, պետական դրոշ, պետական զինանշան, պետական օրհներգ, պետական լեզու և այլն: Դաշնության մեջ մտնող պետական-քաղաքական կազմակերպությունները նույնպես ունեն իրենց տարածքը, քաղաքացիությունը, օրենսդրությունը` ներառյալ սահմանադրությունը, սեփական իշխանությունը, կառավարման և դատական մարմինները, հարկային համակարգը, բյուջեն, խորհրդանիշները և այլն:
Դաշնային պետության կենտրոնի (միության) և առանձին սուբյեկտների իշխանության մարմինների միջև կառավարչական գործառույթների բաշխումը կատարվում է յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն: Որպես կանոն, կենտրոնական մարմինների իրավասություններին են վերաբերվում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության, երկրի պաշտպանության, դրամական թուղարկման ու կարգավորման, մաքսային գործառույթների հարցերը և այլն: Մի շարք հարցեր էլ օրինակ, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, կանոնակարգի և հասարակական անվտանգության ապահովումը, հողի, ընդերքի, ջրային և բնական այլ ռեսուրսների օգտագործումը, կրթության, մշակույթի, դաստիրակության, առողջապահության ընդհանուր հարցերը և այլն վերաբերում են կենտրոնի և դաշնության սուբյեկտների համատեղ տնօրինությանը: Իսկ որոշ հարցեր էլ (հարկային, բյուջետային, սոցիալական քաղաքականության և այլն) համարվում են միայն դաշնության սուբյեկտների առանձնաշնորհը:
Դաշնության սուբյեկտների ինքնավարության աստիճանը երբեմն շատ բարձր է լինում: Դրա հետ միասին կենտրոնը կարող է միջամտել սուբյեկտների գործերին, երբ այնտեղ ծագում են արտակարգ դեպքեր: Այժմյան դաշնության զարգացման հիմնախնդիրներից շատերը կապված են այն բանի հետ, որ կենտրոնը միշտ ձգտում է կառավարման կենտրոնացման, իսկ դաշնության սուբյեկտները շահագրգռված են ընդլայնելու իրենց ինքնուրույնությունը: Այդ պատճառով էլ հարկային, բյուջետային, սոցիալական քաղաքականության իրականացման ժամանակ ազգային, մարզային իրավասությունների ընդլայնման կամ սահմանափակման համար դաշնային պետություններում երբեմն վեճեր են լինում: Սակայն պետական կառուցվածքի դաշնային ձևը առավել ժողովրդավարական է, քան մյուս ձևերը, քանի որ այն նպաստում է ոչ միայն հորիզոնական և ուղղաձիգ գծով իշխանությունների բաժանմանը, այլև նրանց միջև ծագող հակասույթունների լուծմանը:
Պատմությանը հայտնի է նաև պետական կառուցվածքի այնպիսի ձև, ինչպիսին համադաշնությունն է, որը մի քանի ինքնիշխան պետությունների միություն է և ստեղծվում է դրսից պաշտպանվելու, որոշակի նպատակներ համատեղ իրականացնելու համար: Համադաշնությունը սովորաբար ստեղծվում է համապատասխան պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրված միջպետական պայմանագրերի հիման վրա: Այդ պայմանագրերում հաստատվում են միության կողմից նախատեսվող նպատակները, քաղաքական-վարչական մարմինները, պատասխանտու պաշտոնները, միությանը տրվող լիազորությունները և այլն: Համադաշնությունը չունի միասնական սահմանդրություն, միասնական քաղաքացիություն, միասնական հարկային, դրամական, իրավական համակարգ և այլն: Ֆինանսական միջոցներն ստեղծվում են համադաշնության անդամ պետությունների վճարումներից: Զինված ուժերը պատկանում են յուրաքանչյուրին, թեև ձևականորեն նրանք գտնվում են ընդհանուր հրամանատարության տակ: Օրենսդիր մարմնի կազմի մեջ հավասար թվով և միատեսակ լիազորություններով մտնում են համադաշնության անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնց որոշումներն ընդունվում են կոնսեսուսի հիման վրա և սովորաբար ուժի մեջ են մտնում համադաշնության անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո: Միջազգային քաղաքականությունն իրականցվում է համաձայնեցված, թեև բացառված չէ այս կամ այն հարցի վերաբերյալ ինքնուրույն դիրքորոշումը։ 
Համադաշնային պետական կառուցվածքի ձև են ունեցել Շվեյցարիան` 1291-1798 և 1815-1848, ԱՄՆ-ը 1776-1787 և Գերմանիան 1815-1867թթ.: Սակայն նրանց պատմական փորձը ցույց է տալիս, որ համադաշնությունները հավիտենական չեն, խիստ անկայուն են: Առաջադրված խնդիրների լուծումից հետո կամ բաժանվում են մասերի, կամ վերածվում են դաշնային պետությունների:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ