Պետության ծագման տեսությունները

  Իշխանության պետություն ինստիտուտի բնույթը, ձևավորման ուղիների բազմազանությունն ու նշանակությունն արտացոլվել են պետության ծագման տեսություններում: 
 Աստվածաբանական տեսություն: Պետության ծագման ամենահին տեսություններից է: Նրա ներկայացուցիչներն են Հին Արևելքի, միջնադարյան Եվրոպայի, իսլամի և ժամանակակից կաթոլիկ եկեղեցու կրոնական գործիչները (Մ. Ավգուստին, Թ. Աքվենացի, Ժան Մարիտե և ուրիշներ): Աստվածաբանական տեսության մեջ պետությունը դիտվում է որպես Աստծո գործողության արգասիք, որ ամբողջ իշխանությունը սկսվում է նրանից: Նա է ընտրում իշխանավորներին, նրանց տալիս բացարձակ լիազորություններ: Մարդկանց ենթարկումը Աստծո կամքին, աստվածային բանականության սկզբունքներին ապահովում է կարգ ու կանոն  հասարակության մեջ: 
  Նահապետական տեսություն: Այս տեսությունը նույնպես ծագել է հին ժամանակներում: Ստեղծել են Արիստոտելը, Ռ. Ֆիլմերը և ուրիշներ: Ըստ նահապետական տեսության պետությունը ծագել է տոհմերը ցեղերի, ցեղերը մեծ ընդհանրությունների վերածվելով, մեխանիկական միավորումներ կազմելով: Ցեղապետը դառնում է ձևավորվող պետության գլուխ` միապետ: Նրա իշխանությունը դառնում է տոհմապետի կամ ցեղապետի իշխանության շարունակությունը: Հետևաբար, պետությունը նահապետական իշխանության զարգացած ձևն է, որը հանդես է գալիս բոլորի անունից և ընդհանուրի օգտին:
  Հասարակական դաշինքի տեսություն: Այդ տեսության ակունքները գալիս են հին դարերից, ստեղծվել են 17-18-րդ դարերի մտածողներ Հ. Գրոտիոսը, Թ. Հոբսը, Ջ. Լոկը, Ժ. Ժ. Ռուսոն և ուրիշներ: Այդ տեսության համաձայն պետությանը նախորդել է բնական «վայրենի» վիճակը, ընդհանուր բարօրությունը, ոսկե դարը: Սակայն մարդկության զարգացման ընթացքում խախտվում է այդ կարգ ու կանոնը, առաջանում է լիակատար անարխիա, բռնատիրություն: Բնական վիճակից քաղաքացիական վիճակին, կառավարման պետական ձևին անցնելու, մարդկանց փոխադարձ ագրեսիվությունը ստանձնելու, իրենց աշխատանքի արդյունքով ստեղծված սեփականությունը, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և ընդհանրապես նորմալ կյանք ապահովելու համար մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են պետության ստեղծման մասին` նրան կամավոր տալով իրենց իրավունքների մի մասը: 
  Բռնության տեսություն: Այդ տեսությունը ծագել է 19-րդ դարում, որի ներկայացուցիչներն են Լ. Հումպլովիչը, Կ. Կաուցկին, Ե. Դյուրինգը և ուրիշներ: Նրանք պետության ծագումը մեկնաբանում են ուժեղ և կազմակերպված տոհմերի, ցեղերի կողմից թույլ և անկազմակերպ տոհմերին, ցեղերին նվաճելու և ստրկացնելու ռազմաքաղաքական բնույթի գործոններով: Ստրկացված ցեղերի ճնշման համար էլ ստեղծվել է պետական ապարատը, ընդունվել են օրենքներ: Բռնության տեսության կողմնակիցներն իրենց դատողություններում հենվում են պատմական հայտնի փաստերի վրա, երբ մի շարք պետություններ երևան եկան հենց մի ժողովրդի կողմից մյուսին նվաճելու հետևանքով: 
   Ժողովրդագրական տեսություն: Ժողովրդագրական տեսությունը ձևավորվել է XX դարի 2-րդ կեսին, որի ներկայացուցիչներն են Մ. Մոսան, Ե. Վյատրը, Լ. Վասիլևը և ուրիշներ: Այդ տեսության իմաստն այն է, որ պետության ծագումը կապված է բնակչության թվաքանակի և խտության աճի, քոչվորությունից նստակյաց կյանքի անցման, ինչպես նաև մեձավոր ազգականների միջև արյունապղծության արգելման և ամուսնական հարաբերությունների կարգավորման հետ: Դա պահանջում էր ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք արգելեին սեռական հարաբերությունները մոտիկ հարազատների միջև, կապեր հաստատեին մյուս համայնքների հետ և այլն: Իսկ դա կարող էր կատարել միայն մի կազմակերպություն, ինչպիսին պետությունն է: 
 Պատմական-մատերիալիստական տեսություն: Այս տեսությունն առավել հաջող զարգացում ստացավ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերում: Տեսության իմաստն այն է, որ պետությունը ծագել է նախնադարյան հասարակության բնական և ամենից առաջ տնտեսական զարգացման հետևանքով, որը ոչ միայն ապահովում է պետության ծագման նյութական պայմանները, այլև որոշում է հասարակության սոցիալական փոփոխությունները: Պատմական-մատերիալիստական տեսությունը պետության ծագման վճռական դերը բացատրում է մի կողմից`դասակարգերի, նրանց միջև հակասությունների, դասակարգային անհաշտ պայքարի առաջացման, սեփականազուրկ դասակարգերի ճնշման, մյուս կողմից` հասարակության տնտեսական զարգացման և բաշխման հարաբերությունների կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով: Այսպիսով, պետության ծագման և զարգացման տեսություններից երևում է, որ այդ գործընթացների վրա ազդել են. աշխատանքի հասարակական բաժանումը և կառավարչական զբաղմունքի առանձնացումը, մասնավոր սեփականության, սոցիալական խմբերի և շահագործման առաջացումը, հավելյալ արդյունքի և ազգաբնակչության աճը, պատերազմներն ու նվաճումները, աշխարհագրական-կլիմայական պայմանները և ներքին ու արտաքին զանազան գործոններ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ