Պետության հատկանիշները

  Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է միա քանի հատկանիշներով: 
1․ Տարածք: Դա պետության տարածությունն է, որն առաջացել է ոչ միայն պատմականորեն ազգային-էթնիկական, տնտեսական, մշակութային և այլ ձևերի կապերի հիման վրա, այլև արձանագրված և ամրագրված է միջազգային իրավունքով, միջպետական պայմանագրերով և իրավական այլ նորմերով: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները, հրամանագրերը և իրավական մյուս նորմերը: Հետևաբար, տարածքը` մարդկանց բազմության գտնվելու վայրը, պետության կարևորագույն հատկանիշներից մեկն է: Ընդ որում պետության տարածքը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց դա նշանակություն չունի: Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշպանումն է: Հենց տարածքի հսկողությունից են  սկսվում զարգանալ ներքին ու  արտաքին վեճերը, քաղաքական կոնֆլիկտները: Դրանց վտանգավոր ազդեցություն են ունենում ոչ միայն պետությունների տնտեսական կյանքի վրա` սպառազինությունների համար կլանելով նյութական ու ֆինանսական հսկայական միջոցներ, այլև ամբողջ միջազգային հարաբերությունների վրա։ 
2․ Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ և էական պայման է, բայց ոչ բավարար տարր: Որպեսզի պետություն ստեղծվի, պետք է որ սոցիալ-տնտեսական և հոգևոր յուրահատուկ շահեր ունեցող մարդկանց բոլոր խմբերը կապված լինեն միմյանց հետ: Այդ կապը առաջանում է բնական և մարդկային մի շարք գործոնների շնորհիվ: Սակայն վճռական դերը պատկանում է պետությանը, որը ապահովում է ամբողջ տարածքի և նրա վրա բնակվող մարդկանց փողադարձ կապը: Այս կամ այն տարածքը և նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականության կարևոր պայմանն է: Հակառակ դեպքում սոցիալ-տնտեսական, ազգային-էթնիկական և այլ կարգի կոնֆլիկտների հիման վրա բնակչության պառակտումը կարող է մեծ վտանգ ներկայացնել քաղաքական կայունությանը, պետության գոյությանը: 
3․ Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Դրա հետ միասին պետության գոյության համար անհրաժեշտ է նաև, որ տարածքը, բնակչությունը և իշխանությունը ոչ միայն փոխադարձաբար կապված լինեն իրար, այլև վերջինս ունենա այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են հրապարակայնությունը, ինքնիշխանությունը, լեգիտիմությունը, ինստիտուցիոնալացումը և այլն:
 Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց է և շատ թափանցիկ, քան նրա մնացած մասերը: Այն ունի հատուկ կառուցվածքներ, մարմինների և հիմնարկների համակարգ, պրոֆեսիոնալ կադրեր և այլ գծեր, որոնք իրականացնում են հասարակության տնտեսական, սոցիալական, մշակութային, պաշտպանության և այլ կարգի գործընթացների կառավարումը:
 Պետությունը ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը, և իրեն դրսևորում է ոչ միայն որպես իրավունքի սուբյեկտ, այլ նաև որպես սուբյեկտ, իր սեփական ինքնիշխանության աղբյուր և կրող: Ցանկացած պետության ինքնիշխանության աղբյուրը և կրողը նրա բոլոր քաղաքացիներն են, որոնք, որպես կանոն, որոշակի ժամանակաշրջանում, որոշակի պայմաններում ինքնիշխանությունը հանձնում են իրենց ներկայացուցիչներին, որպիսզի իրենց անունից ընդունեն օրենքներ, որոշումներ: Պետության ինքնիշխանություն նշանակում է, որ տվյալ տարածքում բարձրագույն իշխանությունը պատկանում է պետությանը. իրավունքի տեսանկյունից նա բարձր է կանգնած տվյալ պետության տարածքում գտնվող այլ հիմնարկների իշխանությունից: Պետության որոշումները պարտադիր են բոլոր քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների համար: Միայն պետության է պատկանում ամբողջ հասարակության կյանքը նորմավորելու, նրա համար պարտադիր օրենքներ, հրամանագրեր, կարգադրություններ և իրավական այլ ակտեր հրապարակելու իրավունքը:
 Պետության ինքնիշխանությունը ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Չմիջամտելու սկզբունքը ամրագրված է միջազգային կազմակերպությունների միջպետական պայմանագրերով և մի շարք պետությունների ներքին իրավական ակտերով:
 Մարդկանց համակեցության կանոնների կիրառումը հսկելու շրջանակներում պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի և կազմակերպությունների  նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ: Դրա համար պետությունը ստեղծում է հասարակական կարգի պաշտպանության մարմիններ ու հիմնարկներ. ոստիկանություն, դատախազություն, դատարան, բանտեր և այլն:
 Բնակչության բոլոր խավերի համար պարտադիր է հարկեր, տուրքեր սահմանելու, գանձելու փոխառություններ թողարկելու, դրամական և բյուջետային քաղաքականություն իրականցնելու իրավունքը: Հարկերը, տուրքերն անհրաժեշտ են պետական ծառայողների աշխատանքի վարձատրության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ ոլորտների հետագա զարգացման համար:
 Իշխանությունը  պետության մեջ ունի ինստիտուցիոնալ բնույթ: Ուրեմն չպետք է շփոթել այդ իշխանությունը ժամանակավոր իրականացնող անձանց և հենց պետությանը պատկանող իշխանությունը, որը կոնկրետ իրադրության մեջ, սահմանադրության հիման վրա, իրականցնում է իր  գերիշխանությունը: Պետությունը կառավարում է քաղաքական ընտրախավը, սակայն իր ինստիտուցիոնալացման պատճառով պետությունն ունի հարաբերական ինքնուրույնություն, որը դուրս է գալիս առանձին մարդկանց շրջանակներից և ձեռք բերում նոր որակ, նոր կարգավիճակ, նոր գործառույթներ: Հենց նրա ինստիտուցիոնալ բնույթն է թույլ տալիս ասել, որ փոխվում են կառավարողները, բայց  մնում են հիմնարկները, քաղաքական, պետական, սոցիալական կառուցվածքների պաշտպանությամբ զբաղվող, նրանց կառավարումն իրականացնող ինստիտուտները: Պետության ընդհանուր հատկանիշների սահմնումն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն: Քանի որ պետության այդ բոլոր հատկանիշների առկայության դեպքում են միայն պետությունը և մյուս կազմակերպությունները ճանաչվում որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ