Իրավական պետություն

Պետությունների գոյության վաղ շրջանում կառավարումը գործնականում իրականացվում էր միանձնյա անսահմանափակ իշխանության, ավանդույթների, հավատի և այլ նորմերի հիման վրա: Պետության մեջ, նրա տարածքում բացակայում էր մարդկանց իրավունքների հավասարության հնարավորությունը: Որպես միանձնյա կառավարմանը և կամայականությանը հակակշիռ` ժողովրդի մեջ ծագել է օրենքի իշխանության մասին միտքը: Դեռևս հին աշխարհում մտածող Պլատոնն ասում էր. «Ես տեսնում եմ այն պետության մոտալուտ կործանումը, որտեղ օրենքն ուժ չունի և գտնվում է ինչ-որ մեկի իշխանության տակ, իսկ այնտեղ, ուր օրենքը կառավարողների տիրակալն է, իսկ նրանք նրա ստրուկները, ես տեսնում եմ այդ պետության փրկությունը և բոլոր բարիքները, որոնք կարող են աստվածների կողմից շնորհվել պետություններին»: Հետագայում այդ գաղափարները զարգացրել են Արիստոտելը, Ջ. Լոկը, Շ. Մոնտեսքիոն, Ժ. Ժ. Ռուսոն, Ի. Կանտը, Գ. Հեգելը և ուրիշներ: Պետության մեջ, նշում էին նրանք, պետք է գերակայի օրենքը, որը համապատասխանում է բնական իրավունքին, ճանաչվեն մարդու անօտարելի բնական իրավունքներն ու ազատությունները: Այդ դրույթներից շատերը կազմել են 1787թ. ընդունված` ԱՄՆ-ի Սահմանադրության և 1789թ. Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրի հիմքը: Դրանցում և քաղաքակիրթ այլ երկրների սահմանադրություններում արձանագրված են պետական կարգը, իշխանության ձևավորման նպատակներն ու եղանակները, քաղաքացիների համատեղ կյանքը, պետության և քաղաքացիական հասարակության հարգալից փոխհարաբերությունները կարգավորող սկզբունքները։
Այսպիսով, իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման և գործառնության այնպիսի տիպ է, որի դեպքում պետությունը, սոցիալական ընդհանրությունները և առանձին անհատը գտնվում են միևնույն հարաբերության մեջ: Այս դեպքում իրավունքը հանդես է գալիս որպես պետության, հասարակության և անձի փոխադարձ կապի մեջոց։
Իրավական պետությունը բնութագրվում է մի շարք հատկանիշներով, որոնցից կարևորագույններն են.
Իրավունքի և օրենքի գերակայությունը: Գերակայություն նշանակում է այնպիսի պետական կարգ, որի դեպքում պետական գործունեության համար օրենքը ճանաչվում է որպես բարձրագույն նորմ: Օրենքի գերակայության դեպքում քաղաքացիները, ինչպիսի սոցիալական կարգավիճակ էլ ունենան, ենթարկվում են միայն օրենքին: Դրա հետ մեկտեղ օրենքն էլ պետք է բխի բնական իրավունքից: Բնական իրավունքը  բնությունից կամ աստծո կողմից տրված իրավունք է, որը փոփոխության չի ենթարկվում, անփոփոխ է, ինչպես բնությունը: Այն պայմանավորված է մարդու բնույթով, նրա էությամբ և կախված չէ օրենսդիրների կամքից, պետության  կողմից սահմանված իրավունքից:
Անձի իրավունքների ու ազատությունների ճանաչումը: Անձի իրավունքների և ազատությունների երաշխավորվածությունը պետք է ոչ միայն հռչակվի կամ հռչակված լինի, այլև ապահովվի պետական իշխանության կողմից:
Բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը, պետության օրենքների նկատմամբ մարդու իրավունքների առաջնությունը: Իրավական պետության մեջ բացառվում է տնտեսական, քաղաքական, կրթական, ազգային-էթնիկական, սեռահասակային, կրոնական և զանազան այլ հատկանիշներով ցանկացած խտրականություն: Հետևաբար, ամեն մի պետության մեջ, մասնավորապես իրավական պետությունում, իշխանությունը պետք է այնպես կազմակերպել, որ այն չճնշի մարդկանց, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն իշխանության օբյեկտ, այլ նաև` սուբյեկտ: 
Իշխանությունների տարանջատումը: Իշխանության կետրոնացումը մեկ անձի կամ ինստիտուտի ձեռքում բացառելու, անձի նկատմամբ պետական իշխանության և պաշտոնատար անձանց հնարավոր կամայականությունները սահմանափակելու, նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով իշխանությունները տարանջատվում են, հակակշռում, հավասարակշռում, համագործակցում և վերահսկում են միմյանց: 
Պետության և անձի փոխադարձ պատասխանատվությունը: Պետության և անձի փոխադարձ պատասխանատվությունը կապված է մարդու բնածին, բնական իրավունքի և ընդհանուր հռչակագրերում ու միջազգային պայմանագրերում, արձանագրված` նրա իրավունքների հետ: Իրավական պետությունում իրենց պարտավորությունների համար ոչ միայն քաղաքացիներն են պարտավոր պետության առջև, այլև պետությունն է օրենքով պատասխանատվություն կրում քաղաքացիների առջև: 
Քաղաքական բազմակարծությունը: Իրավական պետության մեջ գործում են բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, հասարակական միավորումներ ու շարժումներ, կատարվում է մտքերի, հայացքների և հոգևոր պահանջմունքների ազատ փոխանակություն: Անցկացվում են ազատ, ուղղակի, գաղտնի և հավասար սկզբունքներով ընտրություններ. քաղաքացիները մասնակցում են պետական և հասարակական գործերի կառավարմանը: Մարդն իրեն զգում է ազատ և ինքնուրույն տեղեկություններ, գաղափարներ փնտրելու, ստանալու և տարծելու մեջ: 
Օրենքների իրականացման համար հսկողության և վերահսկողության արդյունավետությունը:  Իրավական պետությունում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորվածության շնորհիվ պետական իշխանությունը ոչ միայն սահմանափակված է զանազան կամայականություններից, այլև խիստ օրինականցված է: Այստեղ միջազգային իրավունքի նորմերի մակարդակով իշխանությունների կոզմից ապահովվում են քաղաքական և քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները և այլն։
Իրավական պետության ստեղծումը կարևոր փուլ է մարդկանց իրավահավասարության, նրանց իրավունքների ու ազատությունների ընդլայնման գործում: Այդ խնդրի լուծումը պահանջում է օրենքը դարձնել հասարակական կյանքի բոլոր կողմերի կառավարման վճռական միջոցը, հասցնել հասարակությունը այնպիսի վիճակի, երբ օրենքին հետևելը ավելի ավելի շահավետ լինի, քան այն խախտելը: Անհրաժեշտ է նաև հզորացնել տնտեսությունը, ընդլայնել սոցիալական քաղաքականությունը, այն դարձնել պետության գործունեության հիմնական ուղղվածություններից մեկը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ