ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

Ս․թ․ հոկտեմբերի 27-ին, Երեւանի Հանրապետության 65 հասցեում գտնվող Երեւանի նախկին առաջին տպարանի շենքի Բ մասնաշենքը (Տպարանը կառուցվել է 1920-30 թվականներին, ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան և Նիկոլայ Բաև) պայթեցման միջոցով քանդվեց։ Շենքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյան է, ով նաև Երեւանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Անի» հյուրանոցի սեփականատերն է, շենքի պայթեցման աշխատանքներն իրականացրել է «ՆորՏեղ Շին» ՍՊԸ կազմակերպությունը։
Մշակույթի նորընտիր նախարարի հայտարարությամբ՝ տպարանի շենքը ներառված չէր պատմամշակութային հուշարձանների ցանկում, իրենից որեւէ պատմամշակութային արժեք չէր ներկայացնում։ Սա ի՞նչ է նշանակում, որ վերոնշյալ շենքը եւ նմանատիպ շենքեր պետք է պայթեցվե՞ն, քանդվե՞ն։ Ի վերջո Հայաստանում ԱՌԱՋԻՆ տպարանի շենքն էր, իր մեջ կրում էր պատմություն։
Իսկ ո՞վ է որոշում, թե որ շենք, շինությունն է պատմամշակութային արժեք կամ ոչ, երբ հանրությունը դեմ է այս կամ այն պատմական շինության պայթեցմանը, իսկ Քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը, Կառավարությունը ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ կամ ԱՆԶՈՐ որեւէ բան անել։
Տպարանի շենքի պայթեցումից հետո, ինչպես նախորդ դեպքերում, հաջորդեցին արդարացումները։
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտարարեց, թե․ «Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, բայց պայթեցման թույլտվություն չի տվել»։ Բացի այդ ասել է, որ քաղաքապետարանի կողմից թույլտվություն տալու համար հիմք է ծառայել մշակույթի նախարարի հայտարարությունը շենքի՝ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված չլինելու մասին։ (Աղբյուրը՝ ԱՅՍՕՐ՝ 01․11․2016)
ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը հայտնել է, որ նախարարությունն իրավունք ունի ընկերություններին տրամադրել պայթեցման աշխատանքներ իրականացնելու լիցենզիա, սակայն կոնկրետ շենքի պայթեցման որոշում չի տալիս, նման գործառույթ չունի: «Տվյալ շենքի պայթեցման աշխատանքների գործընթացում ԱԻՆ գործառույթը հետևյալն էր՝ ապահովել աշխատանքների անվտանգությունը, այդ նպատակով ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ աշխատանքների ընթացքում տեղում հերթապահություն է իրականացրել»: (Աղբյուրը՝ PanARMENIAN Net 28․10․2016)
Տպարանի շենքի սեփականատիրոջ պնդմամբ՝ ինքը պայթեցումը համաձայնեցրել է ԱԻՆ հետ։ (Աղբյուրը՝ 168hours 29․10․2016)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին հայտարարել է, թե «Քաղաքապետարանը տեղյակ չի եղել տպարանի շենքի պայթեցումից, եթե տեղյակ լիներ՝ թույլ չէր տա»։ (Աղբյուրը՝ NEWS.am 03․11․2016)
Այստեղ հարց է առաջանում․ եթե Քաղաքապետարանը շենք, շինություն քանդելու թույլտվություն է տալիս, ԱԻՆ-ը՝ պայթեցման աշխատանքներ իրականացնելու լիցենզիա, բայց ոչ շենք պայթեցնելու որոշում, ապա պայթեցնելու թույլտվություն ո՞վ է տվել, կամ կարո՞ղ էր ԱԻՆ-ը կանխել, կասեցնել կամ պայթեցնելու որոշում պահանջել շենքի սեփականատիրոջից, որից հետո նոր անվտանգություն ապահովեր։
Վարչապետ Կարեն Կարապետյանը  նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»: Վարչապետը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: (Մանրամասն՝ CIVILNET 31․10․2016)
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սկզբից հայտարարում է, որ․ «Շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ անշուշտ մենք այն կընդգրկեինք պատմամշակութային արժեքների ցանկում», այնուհետեւ որոշում` օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի 100-ամյա պատմություն ունեցող շենքերը կհամարվեն մշակութային արժեք, բայց թե երբ օրենսդրական նախաձեռնությունն օրենք կդառնա, նախարարն ինքն էլ չգիտի (Աղբյուրը՝ NEWS.am 07․11․2016)։ Սա նշանակում է, որ այս նախաձեռնության մասին լուրը շրջանառության մեջ է դրվել ուղղակի հանրային կրքերը հանդարտեցնելու համար։ Իսկ եթե, օրինակ, շենքը ունի նշվածից ավել կամ պակաս պատմություն, բայց իրենից մշակութային արժեք է ներկայացնում, ապա այդ դեպքում ի՞նչ։
Ազգային Ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյան«Վարչապետն իր ելույթում անդրադարձավ ոչ այնքան բուն խնդրին, այլ դրա հետեւանքներին։ Օրինակ, ինչու մարդիկ իրազեկված չէին կամ ինչու փոշի բարձրացավ։ Այնինչ, մարդկանց հետաքրքրում էր ոչ թե ինչու փոշի բարձրացավ, այլ ինչպես է վաճառվել այդ շենքը, այնուհետ պայթեցվել»։ (Աղբյուրը` «Իրական իրավունք» հաղորդաշար, ԼՐԱՏՎԱԿԱՆ.am 24․04․2006)
<․․․> Դա մի ժամանակահատված էր, երբ Երեւանի քաղաքապետարանն իրականացնում էր քաղաքաշինական մի քանի ծավալուն ծրագրեր, մասնավորապես Հյուսիսային պողոտայի կառուցումը: Միայն այս հատվածում 5-ից ավելի պատմամշակութային հուշարձան է քանդվել: 
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» բաժնի վարիչ Մարիետա Գասպարյանը հիշում է այս հարցում նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վերաբերմունքը. «Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետը շատ հաճախ էր զարմանում, թե ինչպես այս կամ այն հուշարձան-շենքը քանդվեց: Պարզվում է' ինքը տեղյակ չի եղել այդ մասին: Աբովյան 1/4 հասցեում գտնվող Գաբրիել Գաբրիելյանի տունը քանդելու լուրը ստանալուց հետո ասաց՝ վայ, ես ուզում էի՝ դա մնա: Իսկ հետո առանց ամաչելու հայտարարեցին, թե այդ շենքը իրենք չեն քանդել, այլ քանդել են բոմժերը»:Միայն 2000-2006թթ. Երեւանում ոչնչացվել է 29 պատմամշակութային շենք, ընդ որում՝ սա արձանագրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: (Աղբյուրը՝ հետք 24․04․2006)
Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյան, ով 2003 թվականից վավերագրում է հին Երևանը, որի շատ շենքեր արդեն հողին են հավասարվել․ «Էլի հյուրանոց սարքեիք, էլի ռեստորան․․․ բայց շենքին ձեռք մի տվեք: Կարելի է էդ ամեն ինչը անել՝ առանց տրաքացնելու, առանց էքսկավատորների միջամտության․․․ Բոլոր երկրներում մարդիկ ուղղակի չեղած տեղից պատմություն են ման գալիս՝ հորինում, որպեսզի տուրիզմ զարգացնեն: Մենք մեր պատմությունը մեր ձեռքով քանդում ենք, հետո ասում ենք՝ ոչինչ չունենք, բա ո՞ւր ա»: (Աղբյուրը՝ Ազատություն Ռադիոկայան 28․10․2016)
Փաստորեն, նախարարի հայտարարությունից հետեւում է, որ իրենցից պատմամշակութային արժեք չեն/չէին ներկայացնում նաև՝


  • Տերյան 11-13 հասցեում գտնվող «Աֆրիկյանների տունը» (բավականին գեղեցիկ շինություն է եղել, ճարտարապետական յուրահատուկ լուծումներով, պատկերներով, նախշերով).
Աֆրիկյանները եղել են Երեւանի ամենահին ընտանիքներից, քաղաքային դումայի անդամներ են եղել, ունեցել են տարբեր գործարաններ, լուրջ ներդրում կատարել քաղաքի պատմության մեջ: Հենց Աֆրիկյանների միջոցներով է 1911թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երեւան: (Աղբյուրը՝ հետք 18․08․2011)
1985 թվականին, Վահան Տերյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հրապարակված կառավարության որոշման մեջ նախատեսվում էր ստեղծել Վահան Տերյանի տուն-թանգարան։ Վերջինս պետք է ստեղծվեր հենց այն շենքում, որը անվանում ենք «Աֆրիկյանների տուն»։ (Աղբյուրը՝ Lragir am 06․11․2013)
Շենքը գնվել է բնակիչներից «Միլենիում Քընստրաքշն» ՍՊԸ-ի կողմից եւ ՀՀ կառավարության 2008 թվականի 108 N որոշմամբ ճանաչվել բացառիկ գերակա հանրային շահ։ Հուշարձանը ներառված է պատմամշակութային հուշարձանների և անշարժ հուշարձանների ցանկում։ (Աղբյուրը՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ )
ՀՀ կառավարության 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված հուշարձան շենքն ընդգրկվել է Երևան քաղաքի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ (Աղբյուրը՝ armenpress.am 14․05․2014)
panorama»am «Երեւանյան դեժավյու»․ Աֆրիկյանների ակումբի շենքը


  • Մ․Մաշտոց 3 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքը,
Այն շահագործման է հանձնվել 1952 թվականի ապրիլի 28-ին (Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, ճարտարագետ՝ Հ․ Առաքելյան), իսկ 1968 թվականին շինությունը ստացել է ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։ (Աղբյուրը՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ)
mediamax «Երեւան․ XX դար» նախագիծ․ Երեւանի փակ շուկան՝ (արդեն՝ ան)կենդանի պատմություն
Ճարտարապետության տեսաբան Եվա Սարգսյանի «Ծածկած Շուկան. պատմության ու ներկայի, հիշողության եւ իրականության միջեւ» էսսեն․ մաս 1 մաս 2 մաս 3


  • Ամիրյան 2 հասցեում գտվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքը,
Կառուցվել է 1896թ. եւ եղել է արական գիմնազիայի երկրորդ մասնաշենքը, իսկ 1936-ից գործում է որպես գրադարան:
Ընդգրկված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, Կենտրոն թաղամաս, հուշարձանի համարը՝ 201 (Աղբյուրը՝ ARLIS):
2009-ին շենքը ապամոնտաժվել է և պահպանվել է միայն ճակատային մասը:
Գրադարանի շենքի փոխարեն կառուցվելու է 6-7 հարկանի հյուրանոցային համալիր (ժողովուրդ)։ Մյուս հուշարձան շենքը՝ բակում գտնվող գիմնազիայի առաջին մասնաշենքը, վերածվելու է ռեստորանի:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան․ «Մտահոգում են այն նոր շենքերը, որոնք գալիս են փոխարինելու հնին ու «աղտոտում քաղաքաշինական միջավայրը»։ Խոսքը մասնավորապես վերաբերում է փոքր կենտրոնին։ Հանրապետության հրապարակը շրջապատված է բարձրահարկ շենքերով, որոնք նսեմացնում են հրապարակի նշանակությունը։ Չպետք է այդքան բարձր շենքեր լինեին, մեզ մոտ օկուպացիան գնաց քաղաքի կենտրոնի վրա»։ (Աղբյուրը՝ Sputnik Արմենիա  15․03․2016)
1980-ականներին գրադարանի շենքի վերականգնման ճարտարապետ Բորիս Քոչարյան. «80-ականներին գրադարանի շենքի՝ դեպի կառավարական 2 շենք քանդված ու թեք մնացած պատ կար ու քանի որ էդ հատվածով դեպի շենքի ներս անցում պետք է լիներ, մենք դալան կառուցեցինք, այդ ոճով արեցինք, որպեսզի շենքն ամբողջական ու գեղեցիկ լինի, բայց դալանը հին քանդված պատի հատվածում արեցինք: Այսինքն, մենք նոր բան չենք կառուցել: <...> 80-ականերին այդտեղ նոր բան չի կառուցվել, իսկ Իսահակյանի գրադարանը մենք որպես հուշարձան վերականգնել ենք: Փայտի ծածկերը վնասված էին, փոխարենը երկաթբետոնյա ենք արել, պատերի սիստեմը նույն են մնացել, ներքին պատերը՝ նույնպես:  Բակի կողմից փայտի  պատշգամբ կար, որն էլի քանդված էր, դա էլ ենք երկաթբետոնյա արել, եւ աստիճանավանդակներ կառուցեցինք, նկուղը աղբով լցված էր, մաքրել են: Նորից եմ ասում՝ ամրացրել ենք շենքը, հինն ենք վերականգնել, ոչ մի նոր բան չենք կառուցել: 80-ականներին կոմունիստների ժամանակ հինը վերականգնել են, իսկ հիմա սրանք եկել են՝ քանդում են, չգիտես՝ ինչ են ասում: Բանը հասել է նրան, որ Ամիրյան փողոցում են հուշարձանները քանդում, փողոցում ճարտարապետագեղարվեստական հարցեր  են լուծում: Ինչպես կարելի է»: (Աղբյուրը՝ Առավոտ  15․03․2016)

  • Արամի 30 հասցեում գտնվող կարմիր շենքը.
Այն կառուցվել է Պողոս Նուբար Փաշայի նվիրատվությամբ։
«ՀՀ կառավարության 25.01.2007 թ. 108-Ն որոշմամբ Արամի 30 եւ հարեւանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ տարածքներ: <...> »․ Երեւանի քաղաքապետարան:
Դեռեւս 2011 թվականին, երբ հայտնի էր դարձել Արամի 30 շենքը քանդելու մտադրության մասին, հանրային բողոքի ալիք էր առաջ եկել: Պատասխանատուներն այն ժամանակ հավաստիացրել էին, որ կարմիր տուֆից այդ շենքը չի քանդվի, բայց հետո քանդեցին գիշերով։ (Աղբյուրը՝ armtimes.com  18․01․2016)
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյան․ «Իրենց համար ինչքան քիչ հուշարձան-շենքեր լինեն ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում, այնքան լավ։ Արագ, առանց գլխացավանքի կքանդեն։ Ի՞նչ եք կարծում, իրենք իրենց գլխին պետք է գլխացավա՞նք ստեղծեն։ Պետք չէ մոռանալ նաեւ, որ այդ նոր ցուցակն ստեղծվել է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի մշակման եւ իրականացման ժամանակ եւ ընդգրկում է շատ քիչ շենքեր, հուշարձաններ։ Այստեղ հասարակությունը պետք է հստակորեն պահանջի ցուցակի վերանայում եւ հուշարձանների ցանկի ընդլայնում։ Ոչ կառավարությունը, ոչ քաղաքապետարանը դա ինքնակամ չեն անի»։ (Աղբյուրը՝ հրապարակ 21․01․2016)
Արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյան․ «Իմ կարծիքով՝ հին Երեւանը ոչնչացնելու ակնհայտ մոլուցքը շատ խոսուն է՝ ճշմարիտ չլինելու համար: Այլ խնդիր է, թե ինչո՞ւ է իշխող այդ չարաբաստիկ միտումն այսօր: Իմ պատասխանը մեկն է. նա, ով քանդում է հին քաղաքը, հին շինությունը, հին երկիրը, կարեւոր, շատ կարեւոր հետքեր վերացնելու խնդիր է լուծում, ուստի եւ՝ թշնամին է երկրի պատմության, մշակույթի, ժողովրդի եւ պետության, որի ապագան ուրվագծվում է գորշ ու ծանծաղ, եթե անցյալն ավեր է ու այդքանով՝ ոչ վավեր: Սա անվիճելի է: Սարսափելի ժամանակի վկան ենք, ցավոք»: (Աղբյուրը՝ Առավոտ 22․01․2016)
«»Հովհ. Թումանյանի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան․ «Շատ բացասական եմ վերաբերվում «Հին Երևան» նախագծին, քանի որ դրա մեջ շատ արհեստածին բան կա. շենքը կառուցվում է որոշակի մթնոլորտում, շենքի շուրջ ձևավորվում է ինչ-որ մթնոլորտ: Շենքն առանձին թանգարանային իր չէ, որ վերցնես, տեղափոխես մի տեղից մյուսը, և այն իր արժեքը դրանից չկորցնի: Ճարտարապետության իմաստը հենց այն է, որ առաջին հերթին համապատասխան միջավայրում է ամեն ինչ իր տեղը գտնում: Շենքն առանձին կառույց չէ, ամեն շենքի հետ կապված է մի պատմություն, և այդ պատմությունը մերն է, և երբ շենքը քանդում կամ տեղափոխում ենք, վերացնում ենք նաև պատմությունը: «Երևան» հյուրանոցի ամառային մասը հայկական ռոտոնդան էր, քանի որ այնտեղ էին գնում հայ արվեստագետները` Լևոն Ներսիսյանը, Մինասը, Երվանդ Քոչարը… Մենք ի՞նչ արեցինք, փակեցինք այն` դարձնելով ռեստորան, և կառույցը վերացավ` որպես պատմական Երևանի մի մաս, որը կարելի էր մատնացույց անել ու ասել, թե ժամանակին այսինչ մարդիկ են այստեղ նստել: Ես մեր սրճարանը համեմատեցի ֆրանսիական «Ռոտոնդ»-ի հետ, որը 100 տարվա ընթացքում չի փոխվել. այնտեղ Դալին է նստել, Պիկասոն, Երվանդ Քոչարը, Լենինն ու Տրոցկին: Գիտե՞ք` ինչու էին նրանք այնտեղ նստում, որովհետև դա ամենաէժան սրճարանն էր` մի քանի սուով կարելի էր նախաճաշել: Հիմա այն ամենաթանկ սրճարաններից մեկն է, բայց պահպանել է իր բնույթը: Սրճարանը` իր տեսքով, որևէ մշակութային արժեք չունի, բայց իր մեջ պատմություն է կրում: <․․․> Հյուսիսային պողոտան ո՞ւմ համար է կառուցված, ո՞ւմ կարող է զարմացնել, փարիզեցո՞ւն, թե՞ նրանց, ովքեր Վիեննայից են եկել, չէ', ամենագավառամիտ մարդկանց, քանի որ այնտեղ ոչ մի մշակութային լուծում չկա, որը կհետաքրքրի մեզ, ազգային համով-հոտով ոչինչ չկա, չոր, սառը շենքեր են, իսկ գիշերն այնտեղով անցնելիս սարսռալու տեսարան է` մութ պատուհաններ»: (Աղբյուրը՝ ԵՐԿԻՐ 03․03․2016)

  • Արամի 9 հասցեում գտնվող ճարտարապետական եւ պատմական նշանակություն ունեցող տունը․
Այս տանը բնակվում էր պետական եւ հասարակական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկիը՝ Արամ Մանուկյանը։
Շինությունը ներառված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ ՀՀ Կառավարության որոշմամբ` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի հատվածը, ներառյալ Արամի 9 շենքի տարածքը, ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ տարածքներ: (Աղբյուրը՝ ժողովուրդ  07․07․2016)
Իմիջիայլոց, «Աֆրիկյանների տունը» նույնպես ներառված էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, սակայն, ինչպես տեսանք, դա խոչընդոտ չեղավ այն քադելու համար։
panorama»am «Երեւանյան դեժավյու»․ Բուզանդի եւ Արամի՝ մի շնչառությամբ ապրող փողոցները


  • «Սեւան» հյուրանոցը (ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան)․
Կառուցվել էր 1930-39 թվականներին Շահումյանի հրապարակում։
2004 թվականին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը թույլտվություն է տվել շենքի քանդմանը, որը, ինչպես եւ նշված բոլոր պատմամշակութային հուշարձանների դեպքում, հիմնավորվել է շենքի անկայուն սեյսմիկ վիճակով։
mediamax «Երեւան․ XX դար» նախագիծ․ «Սեւան» հյուրանոց, (ան)կենդանի պատմություն


  • «Սպայի տունը» Վազգեն Սարգսյան փողոցում․
Հայտնի էր նաև Եսայի Ջանփոլադյանի թատրոն անվամբ։ Շենքը կառուցվել էր 1842 թվականին, ուներ ոչ միայն ճարտարապետական, այլեւ պատմական արժեք։
Այն ի սկզբանե ծառայել է իբրև առաջին պետական գավառական ուսումնարան, ուր 1843-1848 թթ. որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը։
1870 թ. սեպտեմբերի 19-22-ը այստեղ տեղի է ունեցել Երևանի նորաստեղծ քաղաքային դումայի դեպուտատների անդրանիկ ընտրությունը։
2005 թվականին շենքը կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ և քանդվել։ Դրա տեղում այսօր գործում է «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնը։
«Պիացցա Գրանդե» կենտրոնը կառուցապատող «Ռենկո ԱրմԷսթեյթ» ՍՊԸ պայմանագիր էր կնքել Մշակույթի նախարարության հետ, որով պարտավորվում էր պահպանել շենքի քարերն ու որմնանկարները։ 2013 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ շենքի քարերն ու որմնանկարները անհետացել են։
Եսայի Ջանփոլադյանի կրտսեր որդու՝ Գևորգի դուստրը՝ Մագդա Ջանփոլադյանը դիմել էր քաղաքապետարան՝ Սպայի շենքին Ջանփոլադյանի հուշաքար փակցնելու խնդրանքով։ Քաղաքապետարանը հաստատել էր այդ որոշումը, սակայն շենքը քանդելու պատճառով որոշումն ի կատար չի ածվել։ (Աղբյուրը՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ)


  • Երիտասարդական պալատի շենքը (ինքնատիպ շինություն էր, սովետական մոդեռնիզմի օրինակ)․
Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թվականին, 25 տարի անց որոշվեց քանդել Երիտասարդական պալատը (ճարտարապետներ՝ Հրաչյա Պողոսյան, Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան), որի համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված 20-10-2005 թ-ի հ.40 քանդման թույլտվությունը։
Սարալանջի 1 հասցեում գտնվող տարածքը, որտեղ գտնվել է Երիտասարդական պալատի շենքը, սեփականության իրավունքով պատկանում է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին։ (Աղբյուրը՝ mediamax)
Ս․թ․ սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրերի կատարման 2015-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի այն հարցին, թե երբ են վերականգնելու քաղաքի խորհրդանիշ «Կուկուռուզնիկի» շենքը, պատասխանել է․ «Սնանկացման գործընթաց է գնում, եւ գնորդը ոչ մի տեսակի պարտավորություն չունի: Գործարքը մեր գերատեսչության միջոցով տեղի չի ունեցել: Մենք չենք կարող դրանով զբաղվել»: (Աղբյուրը՝ Առավոտ)
mediamax «Երեւան․ XX դար» նախագիծ․ Երիտասարդական պալատ՝ (ան)կենդանի պատմություն
panorama»am «Երեւանյան դեժավյու»․ Երիտասադների պալատը
Ռադիո Բախ․ Երիտասարդների պալատ



  • «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը (այն ոչ միայն Խորհրդային Հայաստանի եզակի ճարտարապետական խորհրդանիշ էր, այլ նաեւ խորհրդային միության մոդեռնիստական ճարտարապետության բացառիկ արտացոլում։ Վերջիվերջո՝ մեր պատմություն է)․
Բացվել է 1961-ին, իսկ 1974 թ. ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի և Լ. Չերքեզյանի ձեռքով նախագծվեց և 1982 թ. շահագործման հանձնվեց օդանավակայանի կլոր շենքը։
Համաձայն ՀՀ կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: Վերջինս (2001 թվականից) պատկանում է Արգենտինայի` թվով երկրորդ ամենահարուստ մարդը համարվող Էդուարդո Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը։ 2006թ. Էռնեկյանը Հայաստանում ձեռք է բերել նաև երկրում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 95 տոկոսը: (Աղբյուրը՝ ժողովուրդ 08․07․2016)
2012 թվականի նոյեմբերին Վիեննայի Ճարտարապետական կենտրոնում բացվել էր «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991 թթ․ Անհայտ պատմություններ» ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացել է որպես «Սովետական մոդեռնիզմի» եզակի նմուշ։ Հայաստանի պատվիրակությունն ունեցել է ամենամեծ տաղավարներից մեկը եւ ներկայացված է եղել 30 ճարտարապետական շինություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենք, «Կասկադ» համալիր, «Ծիծեռնակաբերդ» համալիր, Մարզահամերգային համալիր, «Առագաստ» սրճարան, «Մոսկվա» կինոթատրոն, «Ռոսիա» կինոթատրոն, Գ․Սունդուկյանի անվան թատրոն, «Հրազդան» մարզադաշտ, Գյումրիի դրամատիկական թատրոն, Սարդարապատի ազգագրական թանգարան եւն։
Կոնգրեսի արդյունքում ընդունվել է բանաձև, որն ուղղված է առաջին հերթին նախկին խորհրդային պետությունների իշխանություններին, ինչպես նաեւ ԵՄ համապատասխան կառույցներին ՅՈՒՆԵՍԿՈ-ին եւ ICOMOS-ին՝ խորհրդային մոդեռնիզմի նմուշները պահպանելու եւ պատմական հուշարձանների շարքում ընդգրկելու նպատակով։ (Աղբյուրը՝ mediamax 06․12․2012)
Ի պատասխան այս բանաձեւին` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013 թ. հունվարի 15-ին նամակ էր ուղղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որում հավաստիացրել էր, որ 1955-1991 թթ. կառուցված պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների պահպանությունը, վերականգնումը եւ վերանորոգումը գտնվում է պետության եւ ղեկավարության ուշադրության եւ հոգածության ներքո: (Աղբյուրը՝ mediamax 12․11․2013)
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, «Հրազդան» մարզադաշտը, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Երիտասարդական պալատը, Կամերային երաժշտության տունը, Կասկադը եւ խորհրդային ուշ մոդեռնիզմի այլ հայտնի կառույցներ ներկայացվել են նաև 2013 թվականի մայիսին Ստամբուլում բացված «Արդիություններ առանց սահմանների» (Tresspassing Modernities) ցուցահանդեսում: (Աղբյուրը՝ mediamax 31․07․2013)
Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյան․ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդմանը նախարարությունը  դեմ է` անկախ նրանից՝ կառույցը գրանցվա՞ծ է հուշարձանների ցանկում, թե՞ ոչ, քանի որ մշակութային կառույց է: Իրականում այն գրանցված չէ, իսկ գրանցելու համար պետք է տեղի ունենա փորձագիտական նիստ: Ճարտարապետների միության կողմից մենք ստացել ենք նման առաջարկ, բայց հարցը դեռ չի քննարկվել: Խնդիրն այն է, որ նորագույն շրջանի ճարտարապետական կառույցն արժևորելու  կոնկրետ չափորոշիչներ չկան: Աշխարհում ընդունված չափորոշիչներով դա հնարավոր է անել առնվազն մեկ սերունդ հետո»։ (Աղբյուրը՝ ԵՐԿԻՐ 28․10․2016)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի և «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետներից Հրաչ Պողոսյան․ « «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը ոչ թե քանդելու, այլ այն օգտագործելու տարբերակներ պետք է մշակել: Համալիրի հին լինելու մասին խոսակցություններն էլ միտումնավոր են տարվում, նման բան չկա: Միտումնավոր են խոսում այդ մասին, որ մեզ՝ բոլորիս, բերեն այն մտքին, որ իրեն-իրեն քանդվում էր շենքը, դրա համար քանդեցինք: Նույն բանն արեցին երիտասարդական պալատի, «Սեւան» հյուրանոցի, Լենինի արձանի պատվանդանի դեպքում: Եթե իրենց պետք է քանդել, ասում են քանդվում է: Հիմա Երեւանի շենք-շինությունների 70% կարելի է այդ պատրվակով քանդել»։ (Աղբյուրը՝ Առավոտ 16․06․2015)
Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։
Շենքի հեղինակ Արթուր Թարխանյանի դստեր՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի (ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր) խոսքով, համաձայնություն տալով քանդել այդ կառույցը՝ Երևանի քաղաքապետարանը մշակույթը ստորադասում է բիզնեսին:
Անահիտ Թարխանյանը վստահ է՝ իշխանությունների դիրքորոշման կտրուկ փոփոխությունը պայմանավորված է «կոռուպցիոն շահերով»․ «Վերջերս Էռնեկյանի կողմից կառուցված նախարարության նոր շենքը, ինձ թվում Էռնեկյանի թիմին տվեց մեծ լծակ՝ ազդելու կառավարության վրա, որոշում ընդունողների վրա: Եվ այսօր մենք ունենք այս տխուր փաստը, որ ստորագրվել է քանդման աշխատանքների թույլտվությունը»։ Ըստ նրա՝ օդանավակայանի գործերը լավ չեն, այն բազմաթիվ պարտավորություններ է կուտակել, և դրանցից ազատվելու լավագույն ձևը հին շենքը քանդելն է։
Ավելի վաղ այս հարցով Հայաստանի իշխանություններին էր դիմել նաև Թանգարանային միջազգային խորհրդի Հայաստանի կոմիտեն՝ Հայաստանի վարչապետին և Էդուարդո Էռնեկյանին առաջարկելով շենքը վերածել ժամանակակից ավիացիայի թանգարանի:
Կառույցի՝ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանն ափսոսանք է հայտնել, որ արձագանք չեղավ ո՛չ մասնավոր, ո՛չ էլ պետական հատվածից:
«Զվարթնոց» օդանավակայանի համալիրը «ոտնձգություններից» պաշտպանելու նպատակով Անահիտ Թարխանյանը դիմելու է Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին։ (Աղբյուրը՝ Ազատություն Ռադիոկայան 13․01․2016)


  • Երեւանի կրկեսը
Երեւանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում: Այն փայտից էր եւ նախատեսված էր 800 հանդիսատեսի համար: Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը: Ներկայիս շենքի հեղինակներն են Վաղարշակ Բելուբեկյանը եւ Կառլեն Վարդանյանը։
2011 թվականից շենքը վթարային վիճակում էր, սկսվեց նրա վերանորոգումը, բայց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին պայթեցվեց՝ 2014 թվականին նոր կրկես ունենալու պայմանով։
mediamax «Երեւան․ XX դար» նախագիծ․ Երեւանի կրկեսը՝ (արդեն՝ ան)կենդանի պատմություն
Ռադիո Բախ․ Գոյություն չունեցող կրկեսը


  • «Արագիլ» ռեստորանը․
Կառուցվել է 1957 թվականին, Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան։ (Աղբյուրը՝ armmonuments.am)


  • Տիգրան Մեծի 14 հասեցեում գտնվող «Ռոսիա» (Այրարատ) կինոթատրոնը (ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան)․
Շահագործման է հանձնվել 1974 թվականին, սովետական մոդեռնիստական նմուշերի եւս մեկ օրինակ։
«Ռոսիա» կինոթատրոնի կախովի ծածկը Հայաստանում ստեղծվել է առաջին անգամ։ Այն կախված է առանց որևէ հենարանի։
«Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ՝ 1600 և 1000 նստատեղով։ Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առևտրային սրահներ են, եղել է ևս մեկ սրահ՝ 280 նստատեղով։ Մյուս մասերում գործել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ. «Ռոսիան» եղել է լիարժեք մշակութային կենտրոն։
Կինոթատրոնի սրահները զարդարված են եղել Երվանդ Գոջաբաշյանի, Հենրի Էլիբեկյանի, Օհան Պետրոսյանի, Հմայակ Բդեյանի քանդակներով ու կտավներով, որոնք հետագայում հանվել ու կոտրվել են։
Սեփականաշնորհվել է 2004 թվականին և սեփականատեր է դարձել «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող «Նարեկ» ընկերությունը։ 2006 թվականին կառույցի մի հատվածում բացվել է «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որտեղ իրականացնում է կենտրոնի միայն մեկ գործառույթը՝ առևտուրը։ (Աղբյուրը՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ)
PanARMENIAN Net Անկինոթատրոն․ «Ռոսիա»․ Շուկայից՝ կինոթատրոն, ու դարձյալ շուկա․ մոտ կես դարում
mediamax «Երեւան․ XX դար» նախագիծ․ «Ռոսիա» կինոթատրոն՝ (ան)կենդանի պատմություն



  • Աբովյան 18 հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը (ճարտարապետներ՝ Թելման Գեւորգյան, Սպարտակ Կնտեխցյան).
Հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է, եւ ունի պատմական նշանակություն․ 1960-ական թվականների կարծր միջավայրում ստեղծվեց ժամանակակից, անգամ՝ հեղափոխական կառույց։
2010 թվականի փետրվարին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը հանվել է պահպանվող հուշարձանների ցուցակից (Կենտրոն թաղամաս, հուշարձանի համարը՝ 178.3.2 (Աղբյուրը՝ ARLIS) եւ այդ տարածքը տրամադրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որը  մտադիր է այնտեղ կառուցել Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համարժեք եկեղեցի:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյան․ «Քաղաքի բնակչությունը գնալով ավելանում է, իսկ բնակչությունը հոգևոր սննդի կարիք ունի: Եկեղեցին հենց այդ սնունդն է»։ (Աղբյուրը՝ panorama»am)
Ամառային դահլիճի պահպանման համար ձեւավորվեց քաղաքացիական նախաձեռնություն, որը կառավարության որոշումը կասեցնելու նպատակով ձեռնամուխ եղավ ստորագրահավաքի։ Անհրաժեշտ տաս հազար ստորագրության փոխարեն հավաքվեց շուրջ քսանչորս հազար ստորագրություն։
Այսօրվա դրությամբ կառավարության որոշումը մնում է ուժի մեջ, չնայած, որ նախագիծը կասեցված է: Կասեցվել է նաեւ անշարժ գույքի փոխանցումը Սուրբ Էջմիածնին:
mediamax «Երեւան․ XX դար» նախագիծ․ Կինո Մոսկվան՝ կենդանի պատմություն


  • Ազատության 6 հասցեում գտնվող նախկին «Զվարթնոց» կինոթատրոնը․
Շահագործման է հանձնվել 1968 թվականին: Սեփականաշնորհվել է 1996 թվականին:
Վաճառող՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն՝ Պավել Ղալթախչյան: Գնորդ՝ Լենդրիկ Հայրապետյան: Գինը՝ 75 .859. 826 ՀՀ դրամ:

Դժվար է պատկերացնել, որ 3-4 տասնամյակ առաջ ընտրության համար Երևանում ավելի քան 2 տասնյակ հասցե կար, այսինքն այդքան կինոթատրոն: Հիմա դրանք ինչ-որ մեկի սեփականությունն են, գրասենյակ, խանութ, անգամ կուսակցության շտաբ: (Աղբյուրը՝ PanARMENIAN Net 06․06․2013)
ԿԻՆՈ Աշխարհ Երեւանյան կինոաշխարհ - ա - գրություն
Կինոթատրոն․ լուսանկարներ, Հովիկ Չարխչյանի էջ


  • Երիտասարդականի գետնանցումը․
mediamax «Երեւան․ XX դար» նախագիծ․ «Երիտասարդական» գետնանցումն ու կայարանը, Իսահակյանի արձանը` կենդանի պատմություն



  • Արգիշտի սրճարանը․
Ռադիո Բախ․ Արգիշտի սրճարան



  • «Դվին» հյուրանոցը․
Կառուցվել է 1979 թվականին (Ճարտարապետներ՝ Ֆելիքս Հակոբյան, Աշոտ Ալեքսանյան եւ Էդուարդ Սաֆարյան):
Հյուրանոցային համալիրի բակում՝ շատրվանների կողքին տեղադրված է կոփածո պղնձից պատրաստված «Լեռնային պար» խմբաքանդակը (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան)։ 1988 թ. Արցախ մեկնող ջոկատները երդման արարողության են մասնակցել այս քանդակի մոտ։
2012 թվականին մայիսի սկզբերին պարզ դարձավ, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված խմբաքանդակը գտնվում է կիսավեր վիճակում։

2003 թվականին «Դվին» հյուրանոցը 3 միլիոն դոլարով վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին, որը պարտավորվում է ամբողջությամբ վերակառուցել հյուրանոցը մինչև 2016 թվականը։

(15 հունվարի, 2013) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյան․ «Դվին» հյուրանոցի պայմանագրի պայմաններն ու ժամկետը փոխվել է։ Պայմանագրով կառուցապատողի նկատմամբ պետական պահանջներն են խստացվել. հյուրանոցի գնորդը 2013թ-ին «Դվին» հյուրանոցում պետք է ներդնի 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2014թ-ին 3 մլն 970 հազար դոլար, 2015թ-ին 8 780 հազար դոլար:

Նախատեսված ներդրումները կառուցապատողի կողմից առաջին տարում չկատարելու դեպքում սահմանված է չներդրված գումարի 6 տոկոսի չափ տույժ ու տուգանք, եթե դա կրկնվի հաջորդ տարի, ապա պատիժը կկրկնապատկվի: Սա, ըստ պարոն Սահակյանի, լուրջ հանգամանք է, որպեսզի գնորդը ժամանակին կատարի իր պարտավորությունները:

Վարչության պետը վստահեցրել էր, որ 2016 թվականին կունենանք վերակառուցված նոր հյուրանոց: (Աղբյուրը՝ Առավոտ 15․01․2013 / Առավոտ 24․12․2013 / ArmAr 21․02․2015 / Ազատություն Ռադիոկայան 15․03․2015 / հետք 15․04․2015)

Կառավարությունը 2016 թվականի մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Այդպիսով, հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտելու են մինչև 2019 թվականը:

Հյուրանոցի վերակառուցման նախագիծը ներկայացրել է կիպրոսյան օֆշորում գրանցված «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ-ն: (Աղբյուրը՝ հետք 05․05․2016)


Ինչպես սրանից վեր կատարված գրառման մեջ տեսանք՝ նախատեսված ներդրումները առաջին տարում չկատարելու դեպքում պետությունը տույժեր եւ տուգանքներ պետք է կիրառի, իսկ եթե դա կրկնվի դրան հաջորդ տարիներին, ապա պատիժը պետք է կրկնապատկվի:
2013-2016 թվականներին ոչինչ չի արվել, իսկ դա նշանակում է, որ պետք է լինի մեկ 6% և երկու 12% տույժ և տուգանք։ Այստեղ հարց է առաջանում․ եթե մի ընկերություն, որը 13 տարվա ընթացքում չի կատարում իր պարտավորությունները, ի՞նչ հիմքով է նրա հետ պայմանագիրը երկարացվում կամ արդյո՞ք հաշվարկվել եւ գանձվել են նրա կողմից պայմանագրի խախտման արդյունքում առաջացած տույժ-տուգանքները։


ԵՎ ՎԵՐՋՈՒՄ
Խորհրդային Հայաստանից ժառանգված պատմություն, որի յուրաքանչյուր էջ ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունի հայերիս կյանքի հետ, բայց այսօր առկա է որպես հիշողության պատառիկ։
Երիտասարդական պալատը քանդեցին, որպեսզի փոխարենը մեծ հյուրանոցային համալիր կառուցեն։ Մրցույթ հայտարարեցին, որում վերջնական հավանության արժանացավ ճապոնացի ճարտարապետի նախագիծը։ Իսկ հետո՞։ Հետո ոչինչ էլ չեղավ, արդեն նախկին Երիտասարդական պալատի տարածքը, թվում է, թե վերածվել է հանքի, հանք մայրաքաղաքի կենտրոնում։ Արդյունքը եղավ այն, որ կորցրեցինք հայկական ճարտարապետական փայլուն նմուշներից եւս մեկը, բայց եւ չկառուցվեց հայտարարված այդ մեծ հյուրանոցային համալիրը։
«Աֆրիկյանների տուն» հուշարձան շենքը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Երևան քաղաքի ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ենթակա պատմության և մշակույթի ԱՆՇԱՐԺ հուշարձանների ցուցակում։ Էստեղ տրամաբանությունը որտե՞ղ է․ անշարժ, բայց ենթակա տեղափոխման։ Արդյունքում՝ քանդվեց, իսկ քարերը չքացան։
Կամ ո՞վ որոշեց, որ պետք է տեղափոխել, ի՞նչ հիմքով, հանրային քննարկումներ արվեցի՞ն, քաղաքացիների կարծիքը որեւէ մեկը լսե՞ց, ի վերջո դա մեկինը կամ երկուսինը չէր, ոչ էլ Երեւանի քաղաքապետարանինը, այլ հայ ժողովրդի նյութական պատմությունն էր, թե՞ կարեւորը միայն գնորդի կարծիքն ու իրենց գրպանները լցնելն էր։ Բացի այդ, տունը վաղու՜ց էդտեղ կար, քաղաքը այլանդակեցին, ինչ-որ Հս․պողոտա վեր հանեցին ու գտան, որ «Աֆրիկյանների տունը» 4 մետր առաջ է եւ խանգարում է ճանապարհին, քաղաքի հատակագծին, սխալ է սարքած, ով է մեղավոր՝ Մեծն Թամանյանը։
Հետո էլ որոշեցին, որ Արամի 30-ի կարմիր շենքն էլ է խանգարում, ճանապարհը պետք է լայնացնել, որովհետև հյուրանոց է կառուցվում։ Ինչպես Մարզահամերգային համալիրի, այնպես ժամանակին Երիտասարդական պալատի դեպքում՝ հանրային նշանակություն ունեցող պետական գույքը վաճառում են մի ընկերության, հաճախ ոչ հայտնի եւ օֆշորում գրանցված, ով որոշակի պարտավորություններ է ստանձնում շինությունը բարեկարգելու կամ (ցավոք սրտի) հինը քանդելու եւ նորը կառուցելու հարցում, սակայն պետական վերահսկողություն չի լինում, գնորդը ոչինչ չի անում, վերջում էլ Կառավարությունից հայտարարում են, թե վերջինս սնանկացել է եւ ազատված է պարտավորություններից։ Եվ, ինչպես նախքան այդ, այնպես էլ դրանից հետո՝ Գործադիրի կողմից չկա հստակ ռազմավարություն հետագա քայլերի մասով։ Այստեղ եւ շատ այլ հարցերում տեղին է նշել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն միտքը, որ հհկ-ն մինչ այժմ իրականացրել է միայն «ադնառազովի» գործարքներ․ «հհկ-ն միշտ էլ այդպես է վարվում, օրվա հարցերը լուծում է, մնացածը՝ հետո կտեսնենք ինչ անենք»։
Ինչ վերաբերում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքին, էստեղ խնդիրը եւս շատ հստակ է․ կառուցել ինչ-որ հյուրանոց կամ բիզնես համալիր հանրային նշանակություն ունեցող պատմական հուշարձանի հաշվին (ինչպես և տպարանի շենքի դեպքում), սա ուղղակի աբսուրդային է։ Եվ այստեղ կարևոր չէ, թե շինության ֆասադը պահպանվում է, թե ոչ, արդեն նոր կառուցվող շինությունը լրիվ աղավաղում է պատմական նշանակություն ունեցող հուշարձանը։ Մեղմ ասած՝ ցինիզմ կարելի է որակել Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի այն հայտարարությունը, որ «ԽՍՀՄ տարիներին կառուցված շենքերը մաշվել են ու իրենց դարն ապրել, դրանք սեյսմիկ առումով վտանգավոր են ու քանդման ենթակա։ Նախախորհրդային ժամանակաշրջանի շենքերը հին են, ունեն 100-150 տարվա պատմություն, և դրանց վերականգնումը հնարավոր չէ։ Իսկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին` Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի մասնակի ապամոնտաժումը լիովին տրամաբանական է»։ Այսինքն, ըստ նրա՝ 100-150 տարվա պատմություն ունեցող շինությունները, տվյալ դեպքում՝ հուշարձանը, քանդելը, պայթեցնելը միանգամայն նորմալ է, էդտեղ ոչ մի պատմական, մշակութային արժեք չկա։ Սա ի՞նչ մոտեցում է։
Կամ ի՞նչ է նշանակում լինել պատմամշակութային արժեք, ճանաչվել հանրային գերակա շահի տարածք, ընդգրկվել անշարժ հուշարձանների ցուցակում։ Պարզ տրամաբանությունն ասում է․ եթե որևէ շենք, շինություն իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, ճանաչվում հանրային գերակա շահի տարածք և ընդգրկվում անշարժ հուշարձանների ցուցակում՝ սա չի նշանակում, որ այդ շենք, շինությանը պետք է ձեռք չտալ և չտեղափոխել, այն նաև ունի պետական հոգածության, խնամքի կարիք։ Այն կարելի է ամրացնել, բարեկարգել, բայց այնպես չանել, որ միջավայրը մեծ փոփոխությունների ենթարկվի, ի վերջո պատմություն է, մեր պատմությունը, Հին Երևանի դեմքը, տուրիզմի զարգացման իրական աղբյուր, մեր պատմության վկաները։
Իսկ ինչպես են անում ներկա իշխանությունները․ ասում են հանրային գերակա շահի տարածք ա, մի քանիսը, նույնիսկ, կարող է ընդգրկված էլ լինեն ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում (ինչպես վերը թվարկվածներից շատերը), անտերության են մատնում․ շենք, շինությունը հասնում է վթարային վիճակի, հետո՝ պատճառաբանում են, թե այն հնարավոր չէ վերականգնել, մեծ սախսեր է պահանջում ու քանդում կամ պայթեցնում են կամ նախքան այդ գործողությունները իրենք կանեին՝ վաճառած են լինում որևէ անհատի կամ օֆշորային ընկերության, ով հենց ինքն է պայթեցումը իրականացնում, իսկ իշխանություններն էլ պատճառաբանում են կամ, որ իրենք տեղյակ չէին, այ որ տեղյակ լինեին՝ կարգելեին կամ շենք, շինությունը սեփականատեր ունի և նա է որոշում վերջինիս ճակատագիրը, իրենք անզոր են։

Հաջո՞րդը որ շենք, շինությունն է պայթելու․․․ Հայաստանի Առաջին Հանրապետության Կառավարության նստավայրը՞, Օպերայի, Գիտությունների Ազգային ակադեմիայի, թե՞ ԵՊՀ Սեւ շենքը, կարող է՞ «Հրազդան» մարզադաշտը կամ Մարզահամերգային համալիրը, միգուցե, ԱԳՆ նախկին շե՞նքը․ նախարարությունը տեղափոխվեց, շենքը վաճառեցիք, Նոյան Տապանին հեռացրեցին, մի օր որ սեփականատերը որոշի քանդել, ամբողջովին ձևափոխել կամ պայթեցնել ու զրոյից նոր բան սարքել, այդ ժամանակ ի՞նչ են ասելու, նորից հայտարարելու են, որ անզոր ե՞ն։

Պետական մակարդակով հիստերիա են բարձրացնում․ ազերիները Ջուղայի խաչքարերն են ոչնչացնում, թուրքերը մեր հազրամյակների պատմությունն են վերացնում։
Իսկ իրենց արածների մասին լռում են, միայն արդարացումներ, պատճառաբանություններ։

Ստորև բերենք միջազգային օրենսդրությունը եւ ոլորտի մի քանի մասնագետների կարծիքներ որպես օրինակ, որ ներկա ՀՀ իշխանությունները իրենց քաղաքականությամբ բացարձակապես չեն տարբերվում թուրքերից ու ազերներից։
Իրենց քաղաքականության հետևանքով տարեկան քանի՞ հարյուր մարդ է լքում Հայաստանը։


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿՈՆՎԵՆՑԻԱ
Հաստատվել է եւ առաջարկվել է ստորագրության, վավերացման եւ մասնակցության
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A (III) 9 դեկտեմբերի 1948թ․ Բանաձեւով
Ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951թ․

ՀՈԴՎԱԾ 2
Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

(գ) Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։
Աղբյուրը՝ UN in Armenia


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄ ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948թ.դեկտեմբերի 9 կոնվեցիայի մեջ։


Հասարակագետ Ս. Թոտտենը (ԱՄՆ), խոսելով Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում հայերի ցեղասպանության մասին, նշում է նաև ցայսօր շարունակվող բարբարոսական վերաբերմունքը հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ (հավանաբար, 20-րդ դարի վերջում անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունում չի եղել, այլապես մեր երկրի թուրք իշխանությունների բարբարոսությունների մասին էլ կնշեր)։
Աղբյուրը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Ազգային-մշակութային եղեռն , Նույնը տես՝ Վիքիպեդիա
newmag Հին Երեւանի վերջին վկաները
HinYerevan. Հին Երեւանի լուսանկարներ

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ