ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ

   Սթիվեն Փոլ Ջոբս կամ Սթիվ Ջոբս (Steven Paul Jobs, Steve Jobs, 1955 փետրվարի 24 - 2011 հոկտեմբերի 5), ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար, «Apple» կորպորացիայի հիմնադիր (Սթիվ Վոզնյակի հետ համատեղ) և գլխավոր տնօրեն (1970-ականներ - 1985, գործադիր տնօրեն` 1997-2011)։ Նա հայտնի էր որպես խարիզմատիկ և դիզայնի ջատագով։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար (PIXAR) ստուդիայի տնօրեն, «NeXT» համակարգչային ընկերության հիմնադիր, որը, հետագայում, միացրեց «Apple»-ին։
   Նա ոչ միայն հայտնի գյուտարար էր, յուրօրինակ մտածող ու տաղանդավոր ղեկավար, այլ նաև հիանալի բանախոս: Ջոբսի ուղին ամբողջովին արտացոլում է կյանքի նկատմամբ նրա փիլիսոփայությունը, որի վրա էր հիմնվում նրա յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր քայլ: Ներկայացնում ենք նրա ամենահայտնի ելույթներից մեկը, որ տեղի է ունեցել 2005 թ.-ի հունիսի 12-ին Սթենֆորդի շրջանավարտների ավարտական վկայականներ ստանալու արարողության ժամանակ:
   «Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ այստեղ գտնվել այսօր՝ ձեզ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ավարտական վկայականներ հանձնելու օրը: Ես ինքս քոլեջն այդպես էլ չավարտեցի: Անկեղծ ասած, հիմա, այստեղ կանգնած, ես ավելի մոտ եմ քոլեջն ավարտելուն, քան երբևէ: Այսօր ես ուզում եմ ձեզ 3 պատմություն պատմել իմ կյանքից, ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի 3 պատմություն:

   Առաջին պատմությունը կետերի մասին է, որոնք միանում են…

   6 ամիս սովորելուց հետո ես թողեցի Րիդ քոլեջը, բայց ազատ ունկնդիր էի դեռ մեկուկես տարի կամ մոտավորապես այդքան ժամանակ, մինչ վերջնականապես թողեցի ուսումս: Ինչո՞ւ հեռացա:
   Ամեն ինչ սկսվել էր դեռ մինչև իմ ծնունդը: Կենսաբանական մայրս բարձր կուրսի երիտասարդ, չամուսնացած ուսանողուհի էր քոլեջում, և որոշեց ինձ որդեգրման տալ: Նա վստահ էր, որ ինձ կարող են որդեգրել միայն համալսարանավարտ մարդիկ, ու գրեթե ամեն ինչ պատրաստ էր, որ ինձ հանձնեին իրավապաշտպանին ու նրա կնոջը, բացի մի բանից. երբ ես ծնվեցի, նրանք վերջին պահին որոշեցին, որ աղջիկ են ուզում: Ծնողներիս, որ երեխայի սպասողների ցուցակում էին, գիշերը զանգահարեցին ու հարցրին. «Մեզ մոտ անսպասելիորեն տղա երեխա է հայտնվել, կվերցնե՞ք»: Նրանք պատասխանեցին՝ իհարկե: Հետո իմ կենսաբանական մայրը պարզեց, որ մայրս քոլեջը չի ավարտել, իսկ հայրս՝ դպրոցը: Նա հրաժարվեց ստորագրել որդեգրումը թույլատրող վերջին թղթերը: Միայն մի քանի ամիս անց նա զիջեց՝ ծնողներիս ստիպելով խոստանալ, որ ես անպայման պետք է սովորեմ համալսարանում:
   17 տարի անց ես իսկապես սկսեցի քոլեջ հաճախել: Բայց ես միամտաբար ընտրեցի Սթենֆորդի պես թանկ մի համալսարան. բանվոր դասակարգի ներկայացուցիչ ծնողներիս գրեթե բոլոր խնայողությունները իմ ուսման վրա էին ծախսվում: 6 ամիս անց ես դադարեցի հասկանալ՝ ինչո՞ւ են ծախսվում նրանց փողերը: Պատկերացում անգամ չունեի՝ ինչ էի անելու կյանքում, ու չէի պատկերացնում՝ քոլեջն ինչպես պետք է օգներ դա պարզել: Բայց ծախսվում էր այն ամենը, ինչ ծնողներս խնայել էին իրենց ողջ կյանքի ընթացքում: Ահա թե ինչու որոշեցի թողնել քոլեջն ու հավատալ, որ այդ ծրագիրը կգործի: Երկյուղալի էր, բայց հետադարձ հայացք նետելով՝ կարող եմ ասել, որ դա լավագույն որոշումներից մեկն էր իմ ողջ կյանքում: Այն օրվանից, երբ հեռացա քոլեջից, դադարեցի հաճախել պարտադիր դասընթացներին, որոնք ինձ պետք չէին, ու սկսեցի գնալ այն դասընթացներին, որոնք հետաքրքիր էին թվում:
Դա այնքան էլ ռոմանտիկ չէր: Հանրակացարանում սենյակ չունեի. քնում էի հատակին՝ ընկերներիս սենյակում: 5 ցենտով Կոկա-Կոլայի շշեր էի հանձնում ու այդ գումարով ուտելիք գնում, ստիպված էի ամեն կիրակի երեկոյան ոտքով 7 մղոն քայլել, որ շաբաթվա մեջ գոնե մի անգամ նորմալճաշեիկրիշնայականտաճարում: Դա ինձ դուր էր գալիս: Շատ բաներ, որոնց բախվեցի հետաքրքրասիրությանս պատճառով ու ինտուիցիայիս հետևելով, անգնահատելի են:
   Մի օրինակ բերեմ. Րիդ քոլեջն այն ժամանակ գեղագրության թերևս ԱՄՆ-ում  լավագույն դասընթացն էր առաջարկում: Քոլեջի տարածքում յուրաքանչյուր պաստառ, յուրաքանչյուր գրառում ձեռքով էր արված: Քանի որ ես պաշտոնապես այլևս ուսանող չէի ու ստիպված չէի հաճախել սովորական դասընթացներին, որոշեցի մասնակցել գեղագրության դասերին, որ ինքս էլ այդպես գրել սովորեի: Ես իմացա տարբեր տառատեսակների մասին, ինչպես փոփոխել տառերի միջև հեռավորությունն ու ինչն է գրատպությունը դարձնում հանճարեղ : Դա գեղեցիկ էր, պատմական, արտիստիկ նուրբ այն աստիճանի, որ գիտությունը չի կարող ըմբռնել, և ես դա ուղղակի հրաշալի էի համարում:
   Թվում էր՝ չնչին հույս անգամ չկար, թե այդ գիտելիքներն ինձ պետք կգային կյանքում: Բայց 10 տարի անց, երբ մենք առաջին Macintosh համակարգչի դիզայնով էինք զբաղված, ամեն ինչ հանկարծ դասավորվեց: Դա գեղեցիկ գրատպությամբ առաջին համակարգիչն էր: Եթե ես այդ դասընթացին չհաճախեի, Macintosh-ը երբեք տարբեր տառաշարեր ու համամասնական տառատեսակներ չէր ունենա: Եվ քանի որ Windows-ում այս ամենն ուղղակի արտատպված էր Macintosh-ից, բացառված չէ, որ անձնական համակարգիչներում այդ ամենը ընդհանրապես չէր լինի: Եթե չհեռանայի քոլեջից ու չսկսեի հաճախել գեղագրության դասերի, անձնական համակարգիչները կարող էին զուրկ մնալ իրենց հիանալի տառատեսակներից: Իհարկե, այդ կետերը հնարավոր չէր միացնել՝ քոլեջում սովորելու տարիներին առաջ նայելով, բայց ամեն ինչ շատ հստակ երևում է, երբ դրան հետադարձ հայացքով  ես նայում 10 տարի անց:
   Դուք չեք կարող միացնել կետերը՝ առաջ նայելով. դա հնարավոր է անել միայն հետադարձ հայացք նետելով: Դրա համար էլ Դուք պետք է հավատաք, որ բոլոր կետերն ապագայում ինչ-որ ձևով կմիանան: Դուք պետք է հավատաք ինչ-որ բանի՝ Ձեր ներքին ձայնին, ճակատագրին, կյանքին, բախտին, ինչին կուզեք: Այս մոտեցումը ինձ երբեք չի խաբել ու լիովին փոխել է կյանքս …»։


Աղբյուրը՝ http://youandworld.am/news/490.html

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ