ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 2-ՐԴ

«Երկրորդ պատմությունս սիրո և կորստի մասին է…

   Իմ բախտը բերեց. ես շատ վաղ գտա այն, ինչով կցանկանայի զբաղվել կյանքում: Վոզն (Սթիվեն Վոզնյակ՝ հանճարեղ ինժեներ ու ծրագրավորող, ում հետ Ջոբսը հիմնադրել է Էփլը – հեղ.) ու ես «Apple» ընկերության հիմքը դրեցինք ծնողներիս ավտոտնակում, երբ ես 20 տարեկան էի: Մենք շատ էինք աշխատում, և 10 տարի անց Էփլը երկու աշխատողով ավտոտնակից վերածվեց 2 մլրդ դոլար արժողությամբ ու 4000 աշխատակից ունեցող մի ընկերության: Մենք հենց նոր էինք թողարկել մեր լավագույն ստեղծագործությունը՝ Մաքինթոշը. դա տեղի էր ունեցել ընդամենը 1 տարի առաջ, և իմ 30-ը հազիվ էր լրացել: Ու ահա ինձ հեռացրին աշխատանքից: Ինչպե՞ս կարող են հեռացնել մի ընկերությունից, որն ինքդ ես հիմնադրել:
  Դե, քանի որ «Apple» ընկերությունն աճում էր, մենք աշխատանքի վերցրինք ինձ շատ տաղանդավոր թվացող մի մարդու (Ջոն Սքալին, ով ընկերությունը գրեթե փլուզման հասցրեց և վերջիվերջո ճանաչվեց ԱՄՆ պատմության 14-րդ ամենավատ գործադիր տնօրենը – հեղ.), որպեսզի նա ինձ հետ կառավարեր ընկերությունը, և առաջին տարում գործերը լավ էին ընթանում: Այնուհետև ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները սկսեցին խիստ տարբերվել, ու մենք վերջապես ընդհարվեցինք: Երբ դա տեղի ունեցավ, տնօրենների խորհուրդը նրա կողմն անցավ: 30 տարեկանում ինձ հեռացրին աշխատանքից, այն էլ հրապարակավ: Այն, ինչն իմ ողջ հասուն կյանքի գլխավոր նպատակն էր, այլևս գոյություն չուներ, և դա սարսափելի էր:
  Մի քանի ամիս ես պարզապես չգիտեի ինչ անել: Զգում էի, որ ամոթով եմ մնացել անցյալի բոլոր ձեռներեցների առաջ. ասես ձեռքիցս ընկել էր փոխանցիկ փայտիկը, որ նրանք էին ինձ տվել: Ես հանդիպեցի Դեվիդ Պեքարդի (Հյուլեթ Պեքարդ ընկերության հիմնադիրներից մեկը) ու Բոբ Նոյսի հետ («Intel» ընկերության հիմնադիր) և փորձեցի ներողություն խնդրել նրանցից, որ այդպես անհաջողության մատնվեցի: Իմ ձախողումն այնպես աղմուկով եղավ, որ նույնիսկ մտածում էի լքել Սիլիկոնային հովիտը: Բայց հետզհետե սկսեցի հասկանալ, որ դեռ սիրում եմ այն, ինչ անում էի: Այն, ինչ «Apple»-ում կատարվեց, դույզն-ինչ չէր փոխել այդ սերը: Ինձ մերժեցին, բայց ես դեռ սիրահարված էի:
   Եվ որոշեցի ամեն ինչ նորից սկսել:
   Ես այն ժամանակ չէի հասկանում, բայց պարզվեց՝ «Apple»-ից հեռացվելը լավագույնն էր, ինչ երբևէ պատահել էր ինձ հետ: Հաջողակության ծանր բեռը փոխարինվեց սկսնակ լինելու թեթևությամբ, երբ ամեն ինչում այնքան էլ վստահ չես: Այս դեպքը ազատագրեց ինձ ու սկիզբ դրեց իմ կյանքի ամենաստեղծարար շրջաններից մեկին:
   Հաջորդ 5 տարիների ընթացքում ես հիմնադրեցի «NeXT» ու «Pixar» ընկերությունները ու սիրահարվեցի մի հիանալի կնոջ, ով իմ կինը դարձավ: «Pixar»-ում ստեղծվեց համակարգչային անձնավորումով առաջին մուլտֆիլմը՝ «Խաղալիքների պատմությունը», և այժմ այն աշխարհի ամենահաջողակ անձնավորման (անիմացիոն) ստուդիան է:
  Դեպքերի անհավանական շրջադարձի արդյունքում «Apple»-ը գնեց «NeXT»-ը՝ վերածննդի այն հիմնաքարը, որ հիմա «Apple»-ն ապրում է: Ես ու Լորենը հրաշալի ընտանիք ունենք:
  Վստահ եմ, որ այդ ամենն այդպես չէր ստացվի, եթե ինձ չհեռացնեին «Apple»-ից: Այդ դեղը սարսափելի համ ուներ, բայց կարծում եմ՝ այն պետք էր հիվանդին:
  Երբեմն կյանքը քարով հարվածում է ուղիղ ձեր գլխին: Մի՛ կորցրեք հավատը: Վստահ եմ՝ միակ բանը, որ այդ ժամանակ ստիպում էր ինձ շարժվել, այն փաստն էր, որ սիրում էի այն, ինչով զբաղվում էի: Դուք պետք է գտնեք այն, ինչ կսիրեք: Դա վերաբերում է ինչպես աշխատանքին, այնպես էլ սիրելիներին: Աշխատանքը միշտ ձեր կյանքի մեծ մասն է կազմելու, և սեփական աշխատանքից իսկական բավականություն ստանալու միակ միջոցը հավատալն է, որ դա գերազանց աշխատանք է: Իսկ աշխատանքդ գերազանց կատարելու միակ միջոցը սիրելն է այն, ինչով զբաղվում ես: Եթե դեռ չեք գտել այն, շարունակե՛ք փնտրել: Կանգ մի՛ առեք: Եվ ինչպես բոլոր հոգու ու սրտի գործերում, դուք անմիջապես կհասկանաք, որ գտել եք այն, ինչ պետք է: Եվ, ինչպես բոլոր ճիշտ հարաբերությունները, տարիների ընթացքում դրանք միայն ավելի լավն են դառնում: Փնտրե՛ք, մինչև կգտնեք: Կանգ մի՛ առեք…»։ 


Աղբյուրը՝ http://youandworld.am/news/501.html

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ