ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ


Նախքան ներկա իրավիճակի վերլուծությանն անցնելը՝ անդրադարձ կատարենք Եվրոպական Միությանը, հասկանանք ինչ կազմակերպություն է դա, երբ է ստեղծվել, որոնք են դրա նպատակները և գործառնության ոլորտները։
Եվրոպական Միությունը եզակի միջկառավարական և վերազգային կազմավորում է, հիմնվել է
1992 թվականին՝ Եվրոպական Միության մասին պայմանագրով (Մաաստրիխտի պայմանագիր [1]) և ընդգրկում է 27 անդամ երկրներ։
Ձևավորելով Եվրոպական միություն` անդամ-երկրները մասամբ հրաժարվել են իրենց ազգային ինքնիշխանությունից` միասնական կառուցվածքով քաղաքական միավորում ստեղծելու նպատակով: Ներկայումս գոյություն ունեն Եվրոպական յոթ պաշտոնական ենթակառուցվածքային միավորումներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն դերն ունի ԵՄ-ի գործունեության մեջ [2]։
Եվրոպական Միության և դրա իրավական համակարգի ձևավորումն իրականացել է աստիճանաբար՝ սկիզբ առնելով դեռևս 20-րդ դարի 50-ական թվականներին, երբ ստեղծվեցին եվրոպական երեք համայնքները․
1.     Քարածխի և պողպատի եվրոպական համայնքը (EOYC),
2.    Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը (Եվրատոմ),
3.    Եվրոպական համայնքը (սկզբնապես կրում էր «տնտեսական» անվանումը), Եվրոպական տնտեսական համայնք:
Այս համայնքներն առավելաբար տնտեսական իրավասության ինտեգրման միավորումներ էին (ընդհանուր շուկա, ընդհանուր առևտրային քաղաքականություն և այլն):
1992 թվականին, արդեն գոյություն ունեցող համայնքների հիմքի վրա ստեղծվեց Եվրոպական Միությունը՝ որպես ընդհանուր իրավասության ինտեգրման կազմակերպություն, որն արդեն ընդգրկում էր ոչ միայն տնտեսությունը, այլև հասարակական հարաբերությունների կարևորագույն այլ ոլորտներ։
Այս պայմաններում նախկին Եվրոպական տնտեսական համայնքը և Եվրատոմը շարունակեցին իրենց գոյությունը, սակայն որոկապես տարբեր կարգավիճակով՝ որպես Եվրոպական Միություն կազմակերպության կառուցվածքային տարրեր և դա, միանգամայն, հասկանալի էր:
Եվրոպական միության կազմը ձևավորվել է աստիճանաբար։ 1-ին մասնակիցները եղել են Արևմտյան Եվրոպայի 6 երկրները՝ Բելգիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և Ֆրանսիան։ Այս կազմով էին 20-րդ դարի 50-60-ական թվականներին գործում եվրոպական 3 համայնքները։ 1973-ին նրանց միացան Մեծ Բրիտանիան, Դանիան և Իռլանդիան, 1981-ին՝ Հունաստանը, 1986-ին՝ Իսպանիան և Պորտուգալիան։ Համայնքների անդամ երկրների թիվը հասավ 12-ի։
Վերոնշյալ 12 երկրների ներիկայացուցիչներն էլ 1992 թվականին ստորագրեցին պայմանագիր «Եվրոպական Միության» մասին, որը գործողության մեջ մտավ հաջորդ տարվանից։
Մաաստրիխտի պայմանագիրը երեք համայնքներին միանալու հատուկ ընթացակարգերը փոխարինեց Եվրոպական Միությանը միանալու մեկ միասնական ընթացակարգով։
Եվրոպական Միության նոր անդամ պետություն դառնալու համար գոյություն ունեն մի շարք անհրաժեշտ պայմաններ․
  1. Առաջին հերթին, ինչպես ավելի վաղ նշել ենք, պետությունը պետք է լինի «եվրոպական», որը պայամանվորված է ոչ այնքան աշխարհագրական դիրքով, որքան երկրի մշակույթով ներառյալ նրա քաղաքական և իրավական ավանդույթները։
  2. Երկրորդ՝ Միության անդամ դառնալ ցանկացող պետությունը պարտավոր է հարգել Եվրոպական Միության պայմանագրում ամրագրված սահմանադրական՝ «ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև իրավական պետության սկզբունքները»։
Բացի վերոնշյալ 2 կետից կան ևս երկու կարևոր պայմաններ՝ թեկնածու պետության տնտեսական և իրավական համակարգերին։ Նախ խոսքը տնտեսական զարգացման բավարար բարձր մակարդակի մասին է և ազգային օրենսդրության համպատասխանությունը Եվրոպական Միության իրավունքին, որը պետք է արվի նախապես։ Իրավական աղբյուրը, որի հիման վրա իրականանում է նոր անդամ պետության մուտքը Եվրամիություն՝ Միացման մասին պայմանագիրն է։ Որպեսզի Միացման մասին պայմանագիրն ուժի մեջ մտնի, այն կարիք ունի վավերացման՝ Միության բոլոր անդամ պետությունների կողմից, այսինքն՝ Եվրոպական Միության մեջ ընդունվելու համար, մի շարք տնտեսական և քաղաքական բնույթի էական պահանջներին զուգահեռ՝ անհրաժեշտ է ստանալ նաև դրա մեջ մտնող յուրաքանչյուր անդամ պետության համաձայնությունը, ինչպես նաև Միության ժողովուրդների ամբողջությունը ներկայացնող մարմնի՝ Եվրոպական Խորհրդի համաձայնությունը։ Հարկ է նշել, որ պայմանագրի գործողությունները տարածվում են նաև եվրոպական այնպիսի տարածքների վրա, որոնք ձևականորեն կարող են և չմտնել համապատասխան անդամ պետության պետական տարածքի մեջ, սակայն նրա արտաքին հարաբերություններն իրականցվում են տվյալ անդամ պետության կողմից (օրինակ՝ Ջիբրալթարը, որը Մեծ Բրիտանիայի կախյալ տարածքն է)։
Հատկանշական է այն, որ Իռլանդիան և Նորվեգիան, չհանդիսանալով ԵՄ անդամ, որդեգրեցին նրա իրավական կառուցակարգի մի շարք բաղկացուցիչներ և իրենց սահմաններում ճանաչեցին դրանց իրավաբանական գերակայությունը։
Հիմնական իրավունքների մասին Եվրոպական Միության Խարտիայում հատուկ ընդգծված է, որ Միությունը հարգում է մշակութային, կրոնական և լեզվական բազմազանությունը /հոդված 22/։ Դա ցույց է տալիս, որ թեպետ ինտեգրման գործընթացները տանում են եվրոպական քաղաքացիների կյանքի չափորոշիչների աստիճանական միասնականացմանը, սակայն նպատակ չունեն հասնելու ամբողջական միակերպության, Միության մեջ մտնող տարբեր ազգերի և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունների ոչնչացման։
Իսկ այժմ անդրադառնանք Եվրամիության ու նորստեղծվելիք Մաքսային Միություն հարաբերակցությանը և երկընտրանքի առաջ կանգնած Հայաստանի Հանրապետության քայլերին։

Հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագիծը՝ Եվրասիական տնտեսական միությունը, առաջ է բերել բանավեճեր և բուռն քննարկումներ ինչպես բուն նախագծի կենսունակության հարցի, այնպես էլ դրան միանալու հնարավոր «պլյուսների» և «մինուսների» շուրջ։
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի այլընտրանքային առաջարկությունն ակտիվացրել է նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրի բոլոր մասնակից պետությունների բանակցային գործունեությունը եվրոպական ուղղությամբ։
2011թ.-ին Սանկտ Պետերբուրգում (ԱՊՀ երկրների) կառավարությունների ղեկավարները ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրեցին, որը, 2012թ.-ի սեպտեմբերի 11-ին, վավերացվեց ՀՀ ԱԺ կողմից։ Մաքսային միության վերաբերյալ նախնական պայմանավորվածությունն այդ գործընթացի տրամաբանական շարունակությունը դարձավ։
Ինչպես հայտնի է, Եվրասիական միությունը հենվելու է ՀԱՊԿ-ի և Մաքսային միության վրա, այսինքն՝ ռազմաքաղաքական-տնտեսական միություն դառնալու հնարավորություն ունի։
Ռուսաստանը, ինչպես գիտենք, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ ՀԱՊԿ-ին անդամակցությունը (ՌԴ-ի հետ երկկողմ համաձայնագրերի հետ միասին)  ՀՀ ազգային անվտանգության հիմքն է հանդիսանում։ Սրան զուգահեռ, արդեն տևական ժամանակ Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է Եվրամիության հետ, իսկ գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ ընթանում է անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում։
Եվրասիական միության հնարավոր անդամները՝ հետխորհրդային հանրապետությունները, գաղափարախոսական համատեքստում խայտաբղետ պատկեր են ներկայացնում։ Հանրապետություններում գաղափարական առումով հիմնականում հետապնդվում են սեփական՝ ազգային կոնկրետ նպատակները՝ ջանալով պահպանել սեփական մշակութային-քաղաքակրթական արժեքները։ Բացի այս, տարբեր հանրապետություններում բավական տարբեր են աշխարհաքաղաքական մոտեցումները, բացառությամբ՝ Ռուսաստանի, որտեղ պատմականորեն աշխարհաքաղաքական մասշտաբային պատկերացումներ են ձևավորվել, և, ներկայումս, որոշակի չափով վերականգնվում են գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարի կորցրած հմտությունները։
Այս համատեքստում, բավական դժվար է գտնել շփման կետեր, օրինակ, Կենտրոնական Ասիայի և Բելառուսի միջև։ Այսինքն՝ գոյություն ունի աշխարհագաղափարախոսական և աշխարհաքաղաքական անորոշություն, որը կարող է տարաձայնությունների խթան հանդիսանալ։
Եվրասիական հանրապետությունների համար միավորող գործոն կարող է լինել  համեմատաբար ոչ վաղ ընդհանուր խորհրդային անցյալը, կամ, ինչպես Սերգեյ Կարա-Մուրզան է նշում, խորհրդային քաղաքակրթությունը։ Հատկանշական է, որ բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների փաստմամբ՝ խորհրդային անցյալը դեռևս բավական դրականորեն է ընկալվում անգամ երիտասարդների շրջանում։
Աշխարհաքաղաքական առումով կարելի է դիտարկել հետևյալ թեզիսը։ Շնորհիվ արաբական երկրների («արաբական գարուն») և Կենտրոնական Ասիայի (Աֆղանստանում և Պակիստանում) հայտնի գործընթացների՝ միջազգային ահաբեկչությունը որակական նոր փուլ տեղափոխվեց։ Եթե մինչ այդ համաշխարհային հանրությունը գործ ուներ առանձին անլեգալ և կիսալեգալ խմբավորումների հետ, ապա ներկայումս, ինչպես ցույց են տալիս զարգացումները Սիրիայում, ձևավորվել է ահաբեկիչների գլոբալ, կազմակերպված, լավ մատակարարում և սպառազինում ունեցող բանակ, որն ի զորու է իրականացնել ոչ միայն առանձին գործողություններ, այլև մասշտաբային պատերազմներ մղել։
Դա սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների ու Հայաստանի, այլև Ուկրաինայի և Բելառուսի համար։ Գլոբալ ահաբեկչական սպառնալիքը տեղեկատվական շրջանառության մեջ դնելը կարող է դառնալ միավորող աշխարհաքաղաքական գաղափար Եվրասիական միության համար։ Նման օրինակ կարելի է բերել Արևմուտքի կյանքից. 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հայտարարած պատերազմն ընդդեմ ահաբեկչության բավական երկար ժամանակ ծառայել և այժմ էլ, ինչ-որ չափով, շարունակում է ծառայել որպես գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական հիմնավորում ՆԱՏՕ համատեղ գործողությունների վարման համար։
Ինչ վերաբերում է ռուս-հայկական ռազմավարական, գործընկերային փոխհարաբերություններին, ապա պետք է արձանագրել, որ վերջին ժամանակներս երկու երկրների միչև հարաբերությունները այնքան էլ լավ վիճակում չեն։ Իսկապես, նման հոռետեսության համար առիթ կա, և նախորդ տարվա ընթացքում կողմերը քայլեր էին անում, որոնք միանշանակ չէին ընկալվում կողմերից երկուսում էլ։ Մասնավորապես՝ Ռուսաստանում, կարելի է ասել, ուշադրությամբ հետևում էին ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի փոխհարաբերությունների ընթացքին։ Իսկ Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբերին նախատեսված խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթնաժողովում դարձավ այն կռվանը, որը կարող էր լրջորեն սասանել ռուս-հայկական դաշնակցային փոխհարաբերությունները։
Միաժամանակ, Հայաստանում վրդովմունքով էին ընդունում ռուսական գազի գների բարձրացման լուրը, որը, շղթայական ռեակցիայով, պատճառ դարձավ առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների թանկացման։ Սկզբնական շրջանում Հայաստանի իշխանական ընտրանու ներկայացուցիչները համառորեն հերքում էին այս տեղեկատվությունը [3], իսկ արդեն որոշ ժամանակ անց ստիպված էին ընդունել այդ տեղեկությունների հավաստիությունը և փորձում էին «խելամիտ» փաստարկներ ներկայացնել այդ հարցի շուրջ։ Այս ամենին գումարվեցին նաև ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունների ինչ-որ չափով ցուցադրական «ջերմացումը», ՌԴ նախագահ Պուտինի աշխատանքային այցը Բաքու, Ադրբեջանի հետ $1 մլրդ-ի հարձակողական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրի կնքումը, հակահայկական տրամադրությունների հրահրումը ռուսական ԶԼՄ-ներում՝ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարից հետո, որը 18 մարդու մահվան պատճառ էր դարձել և այլն։ Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանում հանրահավաքներ տեղի կունենան ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեմ՝ ռուսական իշխանությունների կողմից հակահայկական քաղաքականությունը դադարեցնելու պահանջներով։ Չնայած այդ ցույցերը սակավամարդ էին, բայցևայնպես,  արձանագրեցին այն իրողությունը, որ հայ-ռուսական փոխհարաբերություններում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են շուտափույթ լուծում և հայտարարություններից դեպի գործուն քայլերի անցում։
ԵՄ-ի մասով պետք է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է վերջինիս ակտիվությունը Հարավային Կովկասում: Չնայած իր ծայրամասային տեղադրությանը, Հարավային Կովկասը, որպես Սևծովյան-Կասպյան էներգետիկ տարածաշրջանի բաղադրիչ և Կենտրոնական Ասիայի հետ կապող բնական միջանցք, ԵՄ-ի համար աստիճանաբար ձեռք է բերում ռազմավարական նշանակություն: Այս հանգամանքը մեծացնում է ԵՄ-ի ուշադրությունը տարածաշրջանային այնպիսի խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են հակամարտությունները, տնտեսական զարգացումն ու քաղաքական համակարգերի արդիականացումը, տարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցության ծրագրերի խթանումը և այլն:
ՀՀ-ԵՄ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են դեռևս 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և Համագործակցության մասին համաձայնագրով, որի հիմնական նպատակներն են`
1․ Աջակցել Հայաստանի Հանրապետությանը` երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու և ավարտելու անցումը շուկայական տնտեսությանը,
2․ Ամրապնդել օրենքի իշխանությունը, ներառյալ իրավական համակարգի բարեփոխումները,
3․ Նպաստել Կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին,
4․ Նպաստել մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պաշտպանությանը,
5․ Հիմք ստեղծել օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար:
2004թ. հունիսին Հայաստանը (ինչպես նաև՝ Վրաստանը և Ադրբեջանը) ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Եվրոպական Միության նախաձեռնությամբ Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր փուլ: Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր:
2010թ. հուլիսի 19-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեցին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Համաձայնագիրը փոխարինելու եկավ գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:
Ասոցացման համաձայնագրի մաս պետք է կազմեր նաև ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը:
ԵՄ-ին ինտեգրմամբ շահագրգռված են Հայաստանի միջին և մանր բիզնեսը (որը կկարողանա էապես ընդլայնել իր ներկայությունը ԵՄ լայն շուկայում) և երկրի հասարակ բնակչությունը։ Իսկ ահա քաղաքական վերնախավը և խոշոր բիզնեսը շահագրգռված չեն ԵՄ մտնելով։
Հայաստանի իշխանության որդեգրած «և և»-ի գաղափարը պրակտիկորեն անհնար է, քանզի, երբ Հայաստանը ասում է, «ես կգնամ կշեռքի մյուս նժարին, բայց ՌԴ-ն պետք է համարի, որ ես գտնվում եմ կշեռքի իր նժարին և պետք է օգնի ինձ», ապա մենք դա և՛ պրակտիկորեն, և՛ տեսականորեն անհնար ենք համարում։
Հայաստանը չպետք է կողմնորոշվի Ռուսաստանի կամ արևմուտքի երկրների դիրքորոշումներով, Հայաստանը պետք է շատ պրագմատիկ լինի և առաջնորդվի իր շահերով: Այդուհանդերձ, լայն համագործակցության հիմքում դրված տնտեսական պրագմատիզմը պետք է հաշվի առնի այսօրվա իրողությունները և, գրավիչ լինելով բիզնեսի համար, չպետք է «նախընտրի» ռիսկերը և անտեսի կայունությունը։
Չնայած 2014թ. մայիսի 1-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն արդեն պետք է պատրաստ լինի, իսկ 2015թ. հունվարի 1-ից միությունը պետք է գործի որպես նոր միջազգային կազմակերպություն, մի շարք փորձագետներ, քաղաքական գործիչներ և մշակութաբաններ թերահավատորեն են վերաբերվում երեք պետությունների վերպետական կառույցի ստեղծման հնարավորությանը։ Միևնույն ժամանակ, նրա տնտեսական հենքը՝ Մաքսային միությունը, արդեն գործում է, և դա թույլ է տալիս բավական ճիշտ հաշվարկել նախագծին այս կամ այն պետության հնարավոր միացման տնտեսական հեռանկարները, պարզել նրա ուժեղ և թույլ կողմերն այդ պետությունների տնտեսությունների յուրաքանչյուր առանձին ճյուղի համար։
Արդեն բավականին գիտակիրառական հետազոտություններ են կատարվել, որոնք շահագրգիռ պետությունների իշխանական վերնախավերին թույլ են տալիս կողմնորոշվել, թե ինչ քաղաքականություն մշակել Եվրոպական և Եվրասիական միությունների հանդեպ։
Այստեղ խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք Հայաստանին կհաջողվի անցումային այս բարդ ու հակասական շրջանում խուսափել դեֆոլտից և սոցիալական պայթյունից, քանզի հեռանկարները շատ ավելի աղոտ են։ Թեկուզև այն պատճառով, որ 1990-ական թթ.-ին Եվրամիությանը միացած պետությունները նրան անդամակցելու երաշխիքներ ունեին, իսկ Հայաստանի համար «Ասոցիացված գործընկերության մասին համաձայնագրի» ստորագրումը նշանակում է «մերձեցման» միայն առաջին (և ոչ վերջին) փուլի սկիզբ։
Իհարկե, հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր պետություն իրեն հատուկ հարաբերություններ է հաստատել Եվրամիության հետ, և ձևավորվող Եվրասիական տնտեսական միության հետ նույնպես այդ հարաբերությունները տարբեր կերպ են ձևավորվում։ Բայց, այդուհանդերձ, այլ երկրների փորձի ուսումնասիրությունը կարող է և, ինչու չէ, պետք է օգնի Հայաստանին խուսափել սխալներից, ավելի վստահ կողմնորոշվել և իր համար առավելագույն արդյունավետությամբ մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին։
Ինչպես գիտենք, 2013թ-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի կողմնորոշումը։ Սա, թեև անսպասելի, բայց, միևնույն ժամանակ՝ կանխատեսելի քայլ էր։ Մեր կարծիքով, դեպի Մաքսային միություն կողմորոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմավարական և տնտեսական պատճառների համադրությամբ, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը ռազմավարական գործընկերությունն է Ռուսաստանի հետ, երկու պետությունների միջև ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացումը և խորացումը։ Հայաստանի արտաքին քաղաքական գծի այս դոկտրինն ամրագրված է դեռևս 2007թ. փետրվարի 7-ին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում [4]։
Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հարցի շուրջ ռուսական կողմը բազմիցս նշել է, որ Եթե ՀՀ-ն դառնա ԵՄ ասոցիացված անդամ, ապա հնարավոր չի լինի պահպանել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը։ Չնայած հարցը պաշտոնապես դրված չէ «կամ-կամ» տարբերակով, բայց արմատական խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է և պարտավոր է կողմնորոշվել իր ինտեգրման հիմնական վեկտորի հարցում:
Դեռևս 2013թ-ի հունվարի 26-ին Երևանում կայացած «Եվրասիական ինտեգրումը և Հայաստանը. Հեռանկարներ, խնդիրներ, քննարկումների ուղղություններ» թեմայով կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի դեսպանները, Ազգային ժողովի պատգամավորներ, ճանաչված գիտնականներ և վերլուծաբաններ Ռուսաստանից, Ղազախստանից և Հայաստանից, նշանավոր ռուս վերլուծաբան Սերգեյ Միխեևը իր ելույթում հայտարարել էր. «Չկա և ոչ մի փաստ, որը կհաստատեր հետխորհրդային երկրների Եվրամիությանը անդամակցելու հնարավորությունը: Կա մեծ աշխարհաքաղաքական խաղ, որտեղ տարբեր, բավականաչափ ոչ թանկ ձևերով հետխորհրդային պետությունները ներքաշվում են Եվրատլանտյան ընկերակցության ազդեցության ոլորտը նրա խնդիրները լուծելու համար։ Պետք է սեփական խնդիրները լուծել ինքնուրույն: 21-րդ դարը խիստ է լինելու: Կամ դուք անվերջ հերթ եք կանգնած ինչ-որ այլ ուժային կենտրոնին մոտենալու համար, սպասելով, որ ձեզ կընդունեն հատուկ դասընթացների երկրորդական աշխատանքների համար, կամ դուք փորձելու եք ստեղծել սեփական զարգացման կենտրոն, հենվելով սեփական քաղաքակրթական, մշակութային, տեխնոլոգիական, տնտեսական և այլ ֆունդամենտալ նախադրյալների վրա։ Կամ Հայաստանը ինքնուրույն է լուծում իր հիմնախնդիրները, կամ լուծում է իր պատմական գործընկերների հետ կոոպերացման միջոցով, գործընկերների, որոնցից մեկը Ռուսաստանն է»:
Նույն կոնֆերանսի ժամանակ ղազախ քաղաքագետ Ելենա Նեչաևան իր խոսքում նշեց, որ ինտեգրացիան միանգամայն բնական գործընթաց է։ Նա ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակառակորդների արտահայտած գլխավոր փաստարկներն են՝ ներքին շուկայում գների աճը, Չինաստանից էժան ապրանքների ներկրման կտրուկ սահմանափակումները, փոքր և միջին բիզնեսի վրա բացասական ազդեցությունը, մաքսային վարչարարության բարդացումը, ինչպես նաև Մաքսային միության շրջանակներում ապրանքաշրջանառության աճի որակական և քանակական ցուցանիշների անհամապատասխանությունը: Եվրասիական միության հակառակորդների համար շատ լուրջ փաստարկ է, որ ինտեգրման այդ մակարդակը կբերի ազգային ինքնիշխանության կորստին, իսկ վերազգային տարադրամի մուտքը կնշանակի, որ նրանում վճռական դերը միանձնյա կպատկանի Ռուսաստանին:
Հայաստանի պարագայում կարևորագույն խնդիրներից է նաև այն, որ երկրի հասարակությունը լավ տեղեկացված չէ ինչպես տեղի ունեցող գործընթացների բովանդակության, «եվրոպական հարևանության քաղաքականություն և արևելյան գործընկերություն» ծրագրի, Եվրասիականության և նրա տնտեսական բազան հադիսացող Մաքսային միության էության, այնպես էլ ակնկալվող հեռանկարների մասին։ վերոնշյալներին ինտեգրման առավելությունները հստակ չեն բնակչության զգալի մասի համար, հասարակության մեջ գերակշռում են աղոտ պատկերացումները բուն նախագծերի մասին, չկա տնտեսական հեռանկարների հստակ տեսլական, «կողմ» և «դեմ» փաստարկները բավարար չափով ծանրակշիռ չեն։ Այսօրվա դրությամբ գերակշռում են հօգուտ Եվրամիության ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին մեկնաբանությունները։ Այս դիրքորոշման օգտին արվող փաստարկները հանգում են նրան, որ Եվրամիությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա գործող միավորում է, որտեղ, շնորհիվ գործող օրենքների և դրանց հետևողականորեն կատարմանը, ԵՄ մասնակից պետություններին հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների իրենց երկրների բնակչության որոշակի կենսամակարդակի ապահովման հարցում։
Ինչևէ, Հայկական կողմն արդեն կատարել է իր ընտրությունը և այսօր անհրաժեշտ է համոզիչ փաստարկներ ներկայացնել հօգուտ Եվրասիական վեկտորի՝ կոնկրետ առաջարկություններով։ Ինտեգրացիոն նախագծի նախաձեռնողներն ու մասնակիցները պետք է լուրջ աշխատանք կատարեն, որպեսզի և՛ միավորման գաղափարը, և՛ հեռանկարները, և՛ առավելությունները, որոնք այդ անդամակցությունից կստանան շարքային քաղաքացիները, ավելի գրավիչ դառնան։
Նման կարևոր հարցերի քննարկումը առավել նպատակահարմար է անցկացնել հասարակական կազմակերպությունների ուղղակի մասնակցությամբ՝ որպես ավելի ինտենսիվ հնարավորություններ ունեցող մոբիլ կառույցներ և կոլեկտիվ ու հանրային լայն նպատակների ներկայացուցիչներ։ Հասարակական կազմակերպությունների ռեսուրսը կարևոր գործոն կդառնա գործընթացի վրա դրական ազդեցություն ունենալու հարցում։
Ընդհանուր առմամբ, բաց են մնում հետևյալ հարցերը.
§  ի՞նչ հեռանկարներ է խոստանում Հայաստանին մուտքը նոր կազմավորում։
§  ինչպիսի՞ն են Հայաստանի հասարակության ընդհանուր դիրքորոշումների համեմատական գնահատականները Ռուսաստանի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ։
§  ինչպիսի՞ն են Հայաստանի հասարակության դիրքորոշումները Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ։
§  ինչպիսի՞ն են Հայաստանի հասարակության համեմատական գերակայությունները Հայաստանի համար կենսականորեն կարևոր ոլորտներում Ռուսաստանի և Եվրամիության հետ համագործակցության, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրամիության առանձին առաջարկությունների վերաբերյալ։
Բացի վերոնշյալը առաջ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են այն, որ՝
§  Մաքսային միության երկրների հետ Հայաստանը չունի ընդհանուր սահման. դեպի մաքսային միության երկրներ ճանապարհն անցնում է Վրաստանի տարածքով, այսինքն` նախքան մաքսային միության տարածք մտնելը փոխադրվող ապրանքը պետք է մաքսազերծվի Վրաստանում, այնուհետև մուտք գործի Մաքսային միության տարածք, այսինքն` Ռուսաստանի Դաշնություն, նորից մաքսազերծում անցնի և նոր ունենա ազատ տեղաշարժման իրավունք` մաքսային միության անդամ երկրների ամբողջ տարածքով, այսինքն` Հայաստանից դեպի մաքսային միության անդամ երկրներ արտահանվող ապրանքները պետք է երկու անգամ մաքսազերծում անցնեն:
§  Տեխնոլոգիապես և ոչ միայն, եվրոպական երկրները գտնվում են ավանգարդում ի տարբերություն մաքսային միության երկրների, էնպիսի բարձր որակի արտադրանք, ինչպիսիք արտադրվում են եվրոպական երկրներում` մաքսային միության ոչ մի երկիր չի թողարկում (ավելի հասկանալի լինելու համար, օրինակ` կենցաղային մակարդակում երբ խոսում ենք բնակարանը վերանորոգելու, կահավորելու մասին, ցանկություն ենք հայտնում, որ այն համապատասխանի եվրոպական ստանդարտներին` պատուհանները, դռները, առաստաղը, զուգարանակոնքը, լոգարանը և այլն, լինեն եվրոպական, ավտոմեքենա գնելիս նախընտրում ենք, որ այն նույնպես լինի եվրոպական (օրինակ՝ գերմանական կամ ֆրանսիական), քան ռուսական)։
§  Ելնելով և՛ Եվրամիության, և՛ Մաքսային միության՝ միմյանց անհամատեղելիության հայտարարություններից՝ իրագործելի չենք համարում  «և և»-ի գաղափարը, քանի որ, երբ երկիրը, հարելով կողմերից մեկին, ստանձնում է որոշակի պարտավորություններ և, միաժամանակ, իր իրավունքի մի մասը վերապահում տվյալ կազմակերպությանը, ինչի պատճառով անհնար է դառնում համագործակցությունը երկրորդ կողմի հետ։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսպիսով, աշխատանքի շրջանակներում անդրադարձանք «ինտեգրում» և «արդիականացում» հասկացություններին, դրանց մասին առկա հայեցակարգերին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը և այդ համագործակցության հիմնական ծրագրերին, որոնք են` ՏՐԱՍԵԿԱ-ն, ԻՆՕԳԵՅԹ-ը, ՏԱՍԻՍ-ը, Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ), Եվրոպական Հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ), ինչպես նաև Արևելյան գործընկերությունը (ԱԳ): Անդրադառնալով այս ծրագրերին` ներկայացրեցինք դրանց ծագումն ու զարգացումը, անդամ երկրները, գործունեության հիմնական ուղությունները, ինչպես նաև այդ ծրագրերում ՀՀ-ի ներգրավվածությունը և դրանց ազդեցությունը մեր երկրում:
Այսպիսով, Եվրոպական Միության կողմից իրականցվող` ՏԱՍԻՍ, ՏՐԱՍԵԿԱ, ԻՆՕԳԵՅԹ, Եվրոպական Հարևանության քաղաքականություն, Արևելյան գործընկերություն ծրագրերը նախ և առաջ հետապնդում են որոշակի տարածաշրջանում ԵՄ քաղաքականության ամրապնդում, որը վերաբերում է նաև Հարավային Կովկասին, ուստի նաև Հայաստանին, քանի որ, ինչպես նշել էինք, ԵՄ-ի համար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր տարածաշրջանը, քան նրա պետություններն առանձին-առանձին: Ուսումնասիրելով բոլոր ծրագրերի էությունն ու հիմնական նպատակները, կարելի է ենթադրել, որ դրանք բոլորն էլ ուղղված են հետրյալ հիմնական նպատակների իրականացմանը
§  Ժողովրդավարության հաստատում, մարդու իրավունքների ապահովում, օրենքի գերակայություն,
§  Արդյունավետ կառավարման ամրապնդում,
§  Առկա համակարտությունների խաղաղ կարգավորում,
§  Կայուն սոցիալական և տնտեսական զարգացում,
§  Անվտանգության ապահովում,
§  Պայքար ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքերի դեմ,
§  Էներգետիկ անվտանգության և արդյունավետության ապահովում։
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համագործակցության նշված ծրագրերի ազդեցությանը ապա դրանց շրջանակներում ՀՀ-ում իրականացվել են մի շարք կարևոր փոփոխություններ. օրինակ ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում`
§  «Կարմիր բլուր» բեռնահամալիրի արդիականացումը` 1մլն. եվրո արժողությամբ,
§  15մլն. եվրո արժողությամբ նախատեսված կովկասյան երկրների ազդանշանային և կոմունիկացիոն համակարգերի համար օպտիկամանրթելային մալուխի մատակարարման համար, որից 5մլն. եվրոն տրամադրվել է Հայաստանին,
§  Ինչպես նաև ծրագրի քարտեզում երկաթուղային և ավտոճանապարհային Գյումրի - Կարս հատվածի ընդգրկումը։
ԻՆՕԳԵՅԹ` էներգետիկ ուղղվածությամբ ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվել են`
§  Հայաստան-Վրաստան սահմանին՝ Կողբում, տեղադրվել է գազի  ժամանակակից միջսահմանային  չափման կայան,
§  Աբովյանի ստորգետնյա գազային ցանցի վերանորոգման համար իրականացվել են մի շարք ներդրումային ծրագրեր,
§  Կարողությունների ու հմտությունների զարգացման, փորձի փոխանակման  համար  կազմակերպվել են բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ։
ՏԱՍԻՍ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանին այլընտրանքային էներգետիկ զարգացման հայեցակարգի զարգացման և վերամշակման գործում, որն ուղղված ՀԱԷԿ-ի աշխատանքների շուտափույթ դադարեցմանը, որը կարող է վտանգ հանդիսանալ տարածաշրջանի համար: ԳՀՀ-ի շրջանակներում առաջնային է համարվում առևտրային համագործակցության սկզբունքները։
ԵՀՔ-ի միջոցով ԵՄ-ն ձգտում է առաջ մղել սոցիալական և տնտեսական զարգացումներն իր անմիջական հարևանությամբ: ԵՄ-ի հիմնական շահերը պահանջում են ապահովել զարգացում, կայունություն և անվտանգություն իր սահմանների շուրջ: ԵՀՔ-ն  իր գործունեությունն իրականացնում է Գործողությունների ծրագրի հիման վրա: Իսկ Գործողությունների ծրագիրը կնքվում է ծրագրի անդամ բոլոր երկրների հետ` նախատեսելով փոխհամագործակցության համաձայնագիր և 3-5 տարիների աշխատանք: ԵՀՔ շրջանակներում գործողությունների ծրագիր կար նաև ՀՀ-ի հետ, որը  բացում էր նոր գործընկերության հեռանկարներ, ինչպիսիք կարող էին լինել ԵՄ ներքին շուկային մասնակության հնարավորության, ԵՄ քաղաքականությունում և ծրագրերում մասնակցության հնարավորության, քաղաքական համագործակցության խորացում, ԵՄ աջակցություն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, առևտրային և տնտեսական հարաբերությունների խորացում և այլն: Իսկ Արևելյան գործընկերությունը համարվում է ԵՀՔմի մասը, որը նախատեսում է ժողովրդավարություն և արդյունավետ կառավարում, տնտեսական ինտեգրում և ԵՄ-ի հետ քաղաքականությունների համապատասխանեցում, էներգետիկ անվտանգություն: ԱԳ-ի շրջանակներում պետք է կնքվեր Ասոցացման պայմանագիր, որը ներառում էր տնտեսական ինտեգրման, տեղաշարժի և էներգետրկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշերը` նպատակ ունենալով խորացնել ԵՄ-ի հետ գործընկեր երկրների քաղաքական ասոցացումը և խթանելու տնտեսական ինտեգրումը: Ինչպես նաև ներառում էր խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու վերաբերյալ դրույթներ:
      Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը և այդ համագործակցության ծրագրերը ունեցել են և կունենային դրական ազդեցություն մեր երկրի համար, քանի որ դրանք կնպաստեին մեր երկրում ժողովրդավարության և կայունության հաստատմանը, էներգետիկ անվտանգության հաստատմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, որը անհրաժեշտ էր կայուն զարգացման ուղի մտնելու համար: Իսկ առանց նմանատիպ համագործակցությունների երկիրը դուրս կմնա համընդհանուր զարգացման ուղուց:
      Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ Համագործակցության բացասական կողմերին, այստեղ թերևս կարող ենք նշել կախվածության գործոնը, որից սակայն հնարավոր չէ խուսափել, քանի որ ՀՀ-ն փոքր երկիր է, չունի անհրաժեշտ ռեսուրսներ զարգացման և միջազգային ասպարեզում իր դիրքերի ամրապնդման համար, ուստի Հայաստանի համար անհրաժեշտ ենք համարում ԵՄ-ի նման հզոր կառույցի հետ համագործակցությունը:
Հարկ է նշել, որ անցումային հասարակություններում և մասնավորապես՝ հետխորհրդային երկրներում, գոյություն չունեն բախումների խաղաղ կարգավորման ինստիտուցիոնալացված մեխանիզմներ, որովհետև կառավարող էլիտան, առաջնորդվելով սեփական շահերով, չի նպաստում հասարակական դաշինքի կայացմանը, իսկ քաղաքացիական գիտակցությունը բավականին քաղաքականացված է։ Այդ իսկ պատճառով, ինչպես Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների քաղաքական զարգացման փորձն է վկայում, բախումների լուծման ժամանակ աճում է ռազմական ուժ գործադրելու հավանականությունը։
Քաղաքական զարգացմամբ պայմանավորված ճգնաժամերը անկանխատեսելի են դարձնում իրականացվող բարեփոխումների ելքը։ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, ինչպես նաև ԱՊՀ (այդ թվում նաև՝ ՀՀ) երկրների փորձը վկայում է, որ եթե բարեփոխումների իրականացման տրամաբանությունը հետևողական լինի, ապա նրանցով պայմանավորված ճգնաժամերի խորությունը կարող է նկատելիորեն նվազել։ Այս դեպքում հնարավորություն կլինի հաղթահարել քաղաքական խնդիրների և բնակչության տարբեր խմբերի իրավիճակով պայմանավորված ընթացիկ շահերի միջև եղած խզումը։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում արդիականացվող էլիտայի կողմից իրականացվող բարեփոխումները կհետապնդեն ոչ թե խմբային, այլ համազգային շահեր՝ սոցիալական բևեռացվածության հաղթահարում, հանդուրժողականություն և արժեքային համակարգի քաղաքական էության արդիականացում։
Այսօր բազմաթիվ են խոսակցությունները հայ մշակութային հողի վրա ազատական արժեքներ ներդնելու դժվարության մասին։ Հայկական մշակույթն իր տեսակի պահպանության և պետականություն ունենալու իդեալի հիմքի վրա դարերի ընթացքում ձևավորել է հայերի հասարակական միության գաղափարը, ընդվզելով օտար արժեքների, կենսաոճի, մտածելակերպի ներմուծման դեմ։ Այդուհանդերձ, օտար հպատակեցումները հայ մարդուն ստիպել են երկխոսություն վարել, համակեցության կանոնները պահպանելով՝ ընդունել մտածելակերպի բազմազանության անհրաժեշտությունը։ Ուստի՝ արևմտյան ազատական արժեքների ներդրումը կարող է և, ամենայն հավանականությամբ, կլինի արդյունավետ, եթե այն մարմնավորող գործընթացը նպաստավոր պայմաններ ստեղծի հայի տեսակի արժանապատիվ կենսագործունեության և բնականոն արդիականացման համար։
Արդի քաղաքական գլոբալացման պայմաններում անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, ազգային արժեքների բնականոն արդիականացմամբ, մասնակցի գլոբալացման գործընթացներին։ Պարզ է, որ ժամանակի մարտահրավերներին պատրաստ լինելու համար պետք է ինքնակազմակերպվել, ինքնահաստատվել և ինքնաիրացնել հայ «Ես»-ը, քանզի այսպես է հնարավոր գլոբալ քաղաքակրթության մեջ պահպանել հայերիս ուրույն տեղը, դերն ու տեսակը և լինել ամբողջի մաս՝ ազգային ինքնությամբ։

Նարեկ Խառատյան, քաղաքագիտության մագիստրոս,
ՀՀ պետական կառավարման ակադեմիա,
ԵՐԵՎԱՆ, 2014



[1] Տե՛ս Մաաստրիխտի պայմանագիր, Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան։ http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%A1%D5%BD%D5%BF%D6%80%D5%AB%D5%AD%D5%BF%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80
[2] http://eunewsletter.am/hy/eu-structure - ԵՄ կառուցվածք, ԵՄ հաղորդագիր
[3] Տես՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ (18.03.2013) - http://www.president.am/hy/videos/item/FHqnlVG3YOc/
[4] Տես՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն - http://www.mfa.am/u_files/file/doctrine/Doctrinearm.pdf


ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
1.     http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12382 - Եվրասիայի անվտանգությունը. Գաղափարախոսություն
2.    http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12377Եվրազէսի ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպեխինի հարցազրույցը <<Իրատես de facto>>-ին
3.    http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=7101 – Հետխորհրդային պետությունների ինտեգրացիոն հեռանկարները Ղրղզստանի և Ուկրաինայի օրինակով (ակնկալիքներ եվ մտավախություններ)
4.    http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6967 – ԵԱՄ. Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և ինտեգրման հնարավոր սցենարները
5.    http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=7033 – Եվրասիական ինտեգրացիա. Պրագմատիզմ և իրողություններ
7.    http://novisa.am/?laid=2&com=module&module=menu&id=30 – Հայաստան և ԵՄ, novisa.am
8․     http://eunewsletter.am/hy - ԵՄ հաղորդագիր
9.    http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6875 – Եվրասիական ինտեգրման հեռանկարի երեվանյան տեսլականը
10.    http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12352 – Ռուս-հայկական բանակցությունների արդյունքը. Խոսքից դեպի գործ

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԿԱ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ

ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ, 12 ՀՈՒՆԻՍԻ 2005Թ․, ՍԹԵՆՖՈՐԴ, ՄԱՍ 1-ԻՆ